Լրահոս

11.09.2015 22:53


ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. «Ադրբեջանը ստանձնում է հրադադարի խախտումների համար ողջ պատասխանատվությունը»

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. «Ադրբեջանը ստանձնում է հրադադարի խախտումների համար ողջ պատասխանատվությունը»

Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին.

Սեպտեմբերի 10-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին:

Դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ու հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով իրավիճակի սրման վերաբերյալ:

ՀՀ մշտական ներկայացուցիչը դատապարտեց Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափով զինատեսակների գործադրմամբ հրադադարի ռեժիմիխախտումներն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը, ինչը հանգեցրել է զոհերի և երկու քաղաքացիական անձանց վիրավորման:

Հայաստանի դեսպանը տեղեկացրեց, որ հակամարտության գոտում իրավիճակի սրմանը զուգահեռ, Ադրբեջանը շփման գծի մոտակայքում իրականացրել է լայնածավալ զորավարժություններ 65 հազար անձնակազմի, այդ թվում՝ 6000 պահեստայինների, հարյուրավոր միավորներ տանկերի, զրահամեքենաների, հրետանու և ռազմական ավիացիայի ներգրավմամբ:

Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ հայկական կողմը խոր մտահոգություն հայտնեց նշված սադրիչ գործողությունների առնչությամբ, ինչը ուժեղացնում է ռազմական լարվածությունը տարածաշրջանում: Նման քայլերով Ադրբեջանն անտեսում է Բաքվին ուղղված Մինսկի խմբի համանախագահների կոչերը՝ հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին ու զերծ մնալ իրավիճակի սրումից:

Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանը, հրաժարվելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկություններից, ստանձնում է հրադադարի խախտումների համար ողջ պատասխանատվությունը:

Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատեց հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը, որ հակամարտող կողմերի հստակ հանձնառությունը հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման վերաբերյալ միակ ուղին է խաղաղ գործընթացի առաջընթացի համար:

ՀՀ ԱԳՆ

Այս խորագրի վերջին նյութերը