Կարծիք

11.09.2015 14:21


Անժելա Սարգսյանի «տղամարդ». «Թողեք՝ կտրվեմ էդ օդից գլխիս ընկած շառից»

Անժելա Սարգսյանի «տղամարդ». «Թողեք՝ կտրվեմ էդ օդից գլխիս ընկած շառից»

Ես չգիտեմ՝ ով ու ինչ էր ինձանից սպասում իմ ազատվելուց հետո, բայց ես հստակ գիտեմ իմ անելիքները ու չեմ ձգտում պլանավորածիս ու ցանկությանս հակառակ գոհացնել ինչ–որ մեկի սպասումները: Ես տեր եմ իմ յուրաքանչյուր ասած բառին, այլ ոչ թե վառ երևակայություն մեկ էլ խոսքը թարս ու շիտակ ներկայացնելու հատկություն ունեցող լրագրողի գրածներին: Ես տեր եմ իմ յուրաքանչյուր արարքի, այլ ոչ թե իմ վրա շինծու սարքած գործերի համար: Շատերի համար հետաքրքիր է իմ ով լինելը, շատերի համար էլ բոլորովին միևնույն է. մեկը սիրում է, մյուսը՝ ատում, ու դա նորմալ է: Բոլորն էլ ունեն կողմնակի ճնշում ու ոգեշնչում: Բազմիցս խնդրել եմ իմ անունը չկապել մի մարդու հետ, ով ահռելի մեծ տարբերության մեջ է հետս թե՛ իր աշխարհայացով, թե՛ տեսանկյուններով, թե՛ մակարդակով, թե՛ ծագումնաբանությամբ ու թե՛ պարզապես նրանով, որ իմ հետ ոչ մի կապ չունի:

Ես եմ տարել անիմաստ տարածքազրկմանս 3.5 տարին ու ոնց հասկացա՝ շատերի գլուխը չի մտել էն փաստը, որ ես նստել եմ առանց որևէ մեղքս ապացուցող հանգամանքի: Էդ նշանակում է, որ չարածս բանի համար: Ես գիտեմ, որ էսքանից հետո էլ կգտնվեն դատավորի կարծիքը Աստծո շնչի տեղ ընդունողներ, որոնց համար դատական վճիռը սրբություն է, ու ովքեր դրանից էն կողմ էլ բան չեն հասկանում: Դատավոր, ում ԹՎԱՑ, որ ինձ ազատազրկել է… Իրա մոր փորից դեռ չի ծնվել նենց մեկը, ով կարա ինձ ազատազրկի: Ինձ մաքսիմում կարան տարածքազրկեն, ժամանակազրկեն, չգիտեմ… Առողջազրկեն… Բայց ինձ իմ ազատությունից չեն կարա զրկեն, նույնիսկ երբ զրկեն կյանքից:

Իրականությունն ակնհայտ կլինի մենակ նրանց համար, ովքեր ռեալ են նայում կյանքին, ու հետևաբար հետս կալանք կրածների վերաբերմունքին ավելի շատ են վստահում, քան դատավորի վճռին: Կալանավորը, ի տարբերություն դատավորի, շփվել է անձամբ իմ հետ, ոչ թե իմ վրա գրած եսիմ՝ ում ցուցմունքները կրող թղթերի: Ու չի կարա մի դատավորը հազարավոր կալանավորներից ավելի ավելի խելացի ու կյանքից ավելի շատ հասկացող լինի, որ մի հատ էլ պարզ ճակատով ազատվելս դնենք մի կողմ ու հիմնվենք դատավորի մեղադրելու վրա: Էդ շատերի ուշադրությանը չարժանացած տրամաբանություն է: Ցավալի է…

Հիմա ստիպված ու վերջին անգամ եմ անդրադառնում իմ համար էս զզվելի թեմային: Թեմա, որտեղ ամեն ինչ շուռ տված ու փոփոխած է: Հասարակ օրինակ՝ ժամանակիս սուղ լինելու պատճառով ես մի քանի հանդիպում միանգամից էի կազմակերպում, ու երբ հերթը հասավ ընտանիքիս անդամներին հանդիպելուն, որոշեցի միանգամից հանդիպել նաև էն լրագրողին, ով ուզում էր զրուցել հետս իմ հետագա պլանների մասին, ՈՒ ԷԴ ԼՐԱԳՐՈՂԸ ԻՆՔԸ ԵԿԱՎ ԷՆ ՏԵՂԸ, ԷՆ ՍՐՃԱՐԱՆԸ, ՈՒՐ ԵՍ ԵՍ ԻՐԱՆ ԿԱՆՉԵՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆԴԻՊՄԱՆ, որ ժամանակ չկորցնեմ: Լրագրողի գալուց արդեն հետս մնացել էր մենակ մերս: Ու ո՞նց դա ներկայացվեց. «Կարենը եկել էր հանդիպման իր մոր հետ»: ՉԷ: Կարենը հանդիպել էր իր մորը, ու դուք եկաք, քանի որ ձեզ էր պետք էդ հարցազրույցը, ոչ թե ինձ: Տարբերությունը ում համար մեծ է, ում համար՝ փոքր, բայց ներվայնացնում է: Էդ դեռ ամենաչնչինն է, էլ ի՞նչ ասեմ ընդհանուր, էս արդեն մոտ հինգ տարի ձգվող անիմաստ պատմության մասին։

Ես չեմ արդարանում ու, հավատացեք, չունեմ ոչ մեկի առաջ արդարանալու ոչ մի բան: Էս իմ կյանքն է, ու ես ապրում եմ հեռու ձեր էդ էժանագին թեմաներից ու ինքնահաստատման ձգտումներից տրաքող կարծիքներից: Անդրադարձիս միտքն էլ հարուստ հասկացեք: Ինձ ճանաչողները կհաստատեն, որ եթե նույնիսկ էն ամենավատ ու սխալ քայլն էլ անեմ իմ կյանքում, ես խոստովանելուց չեմ խուսափի, քանի որ ամեն քայլս ունի իր բնական բացատրությունը՝ անկախ դրա բնական լինելը հասկացողների քանակից: Ու էն, ինչի համար ինձ դատեցին, եթե ես իրոք արած լինեի, թող ոչ ոք կասկած չունենա, ես հաստատ կասեի, որ էդ ես եմ արել: Հարցը նրանում է, թե կավելացնեի հետո:

Ներողություն կխնդրեի, թե կասեի՝ ճիշտ եմ արել… Բայց որ քայլիցս չէի հրաժարվի, ԷԴ ՀԱՍՏԱՏ: Ես հոդվածների տակ էն ծիկվկացող սուրիկատների պես անպատասխանատու քոմմենթ գրողներից չեմ, որ մինչև դեմառդեմ հանդիպումս ինձնից գոհ ապրեմ, ու հետո փոշմանեմ էդ գոհ լինելուս ու ապրածիս համար:

Պահանջելով խնդրում եմ ու խնդրելով պահանջում՝ ձեր ուղեղներում, խոսքերում, հոդվածներում ու ամեն տեղ անջատե՛ք ինձ էդ անհեթեթ պատմությունից, էդ պատմության կազմակերպիչներից, վարողներից ու, առավել ևս, էդ պատմությունից ամենաշատ օգուտը քաղած էն «միամիտ», «անմեղ» ու «անարատությունից կաթ միզող» էակից: Թողեք՝ կտրվեմ էդ օդից գլխիս ընկած շառից: Ես դրանց պես չեմ ընկնում տարերքի մեջ էդ թեմաներից: Գերի չեմ ձեր պարապության ու մասնագիտական կամ էլ անձնական հեղինակության աճը զարգացնելու ձեր անհաղթահարելի ցանկության ձեռը։

Կարեն Արայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը