Քաղաքական

17.11.2009 16:46


Վիկտոր Դալլաքյան. «…հայաստանյան քաղաքական մտքի և համակարգի անկատարությունը»

Վիկտոր Դալլաքյան. «…հայաստանյան քաղաքական մտքի և համակարգի անկատարությունը»

-Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ տրված գնահատականները կարելի է դասակարգել երեք խմբի։ Գնահատականներ, որոնցով անթերի են համարվում նախաստորագրված արձանագրությունները՝ իրենց օպոնենտներին համարելով պետական մտածողություն չունեցող,-խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։

-Դրանք հիմնականում իշխանության և մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչներ են։ Ոմանք էլ վերոհիշյալ արձանագրությունների ճարտարապետներին մեղադրում են, իրենց արտահայտությամբ, Ցեղասպանությունն ուրանալու, մեր պատմական հայրենիքի մի մասն աճուրդի հանելու և Ղարաբաղը ծախելու մեջ, առաջնորդվում հավերժ թշնամու պարզունակ կարծրատիպով՝ իրենց ընդդիմախոսներին պիտակավորելով որպես դավաճաններ։

Իր հայտարարության մեջ պատգամավորը նշել է, թե պատմության մեջ այս էլ որերորդ անգամ հայության կյանքում լրջագույն հարցերը զգայական հարթությունից քաղաքական հարթությունում վերածվում են, այսպես կոչված, հայրենասերների ու դավաճանների մրցապայքարում անպտուղ և ոչ մի տեղ չտանող բանավեճի իմիտացիայի։

-Ի դեպ, եթե անգամ չլիներ նախաստորագրված փաստաթղթերի նկատմամբ ներկայումս դրսևորվող ներքաղաքական որոշակի հակազդեցությունը, ապա Հայաստանի արտաքին քաղաքականության ճկունությունն ու մանևրելու հնարավորություններն էապես մեծացնելու հրամայականից ելնելով՝ իշխանությունները պետք է ստեղծեին կամ խթանեին այդօրինակ հակազդեցությունը,-ընդգծել է Վիկտոր Դալլաքյանը։

Վերջինիս խոսքերով՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ներկայումս ծավալված քննարկումների ու բանավեճերի որակն ու խորությունը ցույց են տալիս հայաստանյան քաղաքական մտքի և համակարգի անկատարությունը։

-Հայության թիվ մեկ խնդիրը Հայաստանի՝ քաղաքակիրթ աշխարհի հետ լիարժեք ինտեգրվելու միջոցով հետևողական հզորանալն է, որովհետև միայն այդ դեպքում կարող ենք ակնկալել, որ երբևիցե մեզ կհաջողվի ոչ միայն վերադարձնել այն, ինչը ժամանակին մեզ է պատկանել, այլև ձեռք բերել ավելին, ոչ թե այսօրվա նման անընդհատ վախենալ եղածը կորցնելուց։

Եզրափակելով իր ելույթը՝ Վ. Դալլաքյանը հայտարարել է, որ աշխարհում հավանաբար չի գտնվի որևէ հայ, որը չերազի պատմական Հայաստանը վերականգնված տեսնելու մասին։

-Երազով ապրել պետք է և նույնիսկ անհրաժեշտ, իսկ երազում ապրելը թերևս պրոբլեմատիկ է,-հայտարարել է Վ. Դալլաքյանը։

Սյուզի Մելքոնյան

 

 

Այս խորագրի վերջին նյութերը