Աշխարհ

09.09.2015 16:52


Ռուսաստանը պատրաստ է ընդունել փախստականներին Սիրիայից և Լիբիայից

Ռուսաստանը պատրաստ է ընդունել փախստականներին Սիրիայից և Լիբիայից

Ռուսաստանը պատրաստ է ընդունել սիրիացի և լիբիացի փախստականներին, սակայն նրանք ավելի շատ հետաքրքրված են Արևմտյան Եվրոպայի երկրներով։ Այս մասին հայտարարել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին։

Նրա խոսքով՝ 2015թ. Ռուսաստանից Եվրոպա է տեղափոխվել 182 սիրիացի։ Ավելին՝ նրանք ՌԴ–ում գտնվել են միջինը 255 օր։

«Այդ մարդկանց մոտ Ռուսաստանում «խարիսխ գցելու», արմատավորվելու ցանկություն պարզապես չկա»,–Ռոմոդանովսկիի խոսքերն է մեջբերում «ТАСС»–ը։

Նա նաև հավելել է, որ բոլոր այդ սիրիացիները Ռուսաստանում գտնվելու ժամանակ տեղի օրենքները չեն խախտել. նրանց հանդեպ որևէ բողոք չկա։

«Ով կցանկանա մնալ Ռուսաստանում՝ անկասկած, մենք կքննենք նրանց գործերը։ Ավելին ասեմ՝ մենք շատ մարդասիրական մոտեցում ենք ցուցաբերում. հասկանալով, որ այնտեղ պատերազմական գործողություններ են՝ ամեն կերպ կօգնենք»,–ընդգծել է Ռոմոդանովսկին։

Վերջինը նշել է, որ Ռուսաստանը փախստականների հիմնական հոսքից այնկողմ է գտնվում, քանի որ Սիրիայից և Լիբիայից փախստականներն օգտագործում են երկու ճանապարհ՝ մի կողմից՝ Թուրքիա, Մակեդոնիա, Հունգարիա, Սերբիա, մյուս կողմից՝ Իտալիա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը