Աշխարհ

07.09.2015 10:00


Վատիկանը պատրաստ է փախստականների երկու ընտանիք ընդունել

Վատիկանը պատրաստ է փախստականների երկու ընտանիք ընդունել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հերթական կիրակնօրյա քարոզի ժամանակ կաթոլիկներին կոչ է արել բացել համայնքների դռները փախստականների դիմաց և ընդունել գոնե մեկական կարիքավոր ընտանիք։ Այս մասին գրում է «Վեստի»–ն։

«Եվրոպայի եկեղեցական ծխերը, համայնքները, վանքերն ու տաճարները պարտավոր են ապաստան տալ փախստականներին։ Դա կոնկրետ քայլ է Սուրբ տարվան նախապատրաստվելու շեմին»,–ասել է պոնտիֆիկոսը։

Սուրբ տարին քրիստոնեության հոբելյանական տարին է, որի մեկնարկը Հռոմի պապը նախանշել է դեկտեմբերի 8–ին։

Ֆրանցիսկոսը քանիցս քննադատել է եվրոպացիներին ԵՄ մեծաքանակ ներգաղթյալների հանդեպ բավականաչափ ընկերասեր չգտնվելու համար։

Նշենք, որ Վատիկանի ներկայացուցիչները հրապարակայնորեն քննադատում են նաև իտալական կառավարությանն ու ՄԱԿ–ին՝ խնդիրը լուծելու անկարողության, մասնավորապես՝ Միջերկրական ծովում ներգաղթյալների մահը չկանխելու համար։

Իր հերթին իտալական ընդդիմության ներկայացուցիչ, «Հյուսիսի լիգա» կուսակցության առաջնորդ Մաթթեո Սալվինին մեղադրել է Վատիկանին՝ նշելով, որ փախստականների մասին հոգալը չպետք է սահմանափակվի միայն բառերով։ Նա հիշեցրել է, որ կիսադատարկ կաթոլիկ վանքերը հաճախ են մերժել ապաստան տալ փախստականներին։ Քաղաքական գործիչը քանիցս նաև հրապարակայնորեն հարցրել է՝ իսկ քանի՞ ներգաղթյալ է ընդունել Վատիկանը։

Նախօրեին աշխարհը վերջապես իմացավ այդ մասին. քարոզի ժամանակ պոնտիֆիկոսը հայտարարել է, որ Վատիկանը փախստականների երկու ընտանիք կընդունի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Յուխա Սիպիլյան պատրաստ է որոշ ժամանակով իր ամառանոցը տրամադրել փախստականներին. նա նաև հույս էր հայտնել, որ իր օրինակին կհետևեն երկրի բոլոր գիտակից քաղաքացիները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը