Լրահոս

02.09.2015 16:38


Դանակահարություն Կոտայքում. մեկ անձ ձերբակալվել է

Դանակահարություն Կոտայքում. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ 2 անձանց թափանցող և չթափանցող վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 01-ին՝ ժամը 23:20-ին, «Արմենիա ՀԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից Ռ.Ստեփանյանը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած -ծակած չթափանցող, ձախ հետույքային շրջանի և ձախ ստորին վերջույթի կտրած-ծակած վնասվածքներով, իսկ Ա.Ստեփանյանը՝ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքով, լյարդի վնասումով, ձախ հետույքային և ձախ ազդրի հետին մակերեսի վերին երրորդականի կտրած-ծակած արյունահոսող վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի 17-ամյա բնակիչը ծեծի է ենթարկել Գ.Ստեփանյանին, որից հետո՝ ժամը 20:30-ի սահմաններում, հիշյալ վիճաբանության շուրջ առաջացած փոխհարաբերությունները պարզաբանելու նպատակով նրան են հանդիպել Գ.Ստեփանյանը և վերջինիս եղբայրներ Ռ. և Ա. Ստեփանյանները:

Տղաների միջև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում 17-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ռ.և Ա.Ստեփանյանների մարմինների տարբեր մասերին, որի արդյունքում վերջիններս դեպքի վայրից հեռացել են և վեճը դադարել է:

Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը