Կարծիք

02.09.2015 14:11


Ինչու չպետք է փոխենք Սահմանադրությունը

Ինչու չպետք է փոխենք Սահմանադրությունը

Ոչ մի անհրաժեշտություն չկա, որ այսօր կամ վաղը Հայաստանում Սահմանադրություն, առավել եւս՝ կառավարման համակարգ փոխվի: Այսպես մտածում էինք ամիսներ առաջ, այսպես մտածում ենք եւ այսօր: Վերջին հաշվով, անցած ամիսների ընթացքում ոչինչ չի եղել, որ նրանք, ովքեր ամիսներ առաջ պնդում էին, որ այսօր Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն չկա, հակառակը պնդեն:

Եւ ամենակարեւորը՝ երբ մենք պնդում ենք, որ Սահմանադրություն փոխելու անհրաժեշտություն չկա, երբ ասում ենք, որ նախագիծն անցկացնելու դեպքում միայն խնդիրները կավելանան, առաջնորդվում ենք ոչ թե նեղ անձնական, ինչ–որ մեկի կամ մարդկանց նեղ խմբի, այլ ազգի եւ պետության շահերով:

Վերջապես, պետք է հասկանալ, ընդունել, որ կարելի է դիրքորոշում, տեսակետ ունենալ ոչ թե ընդդեմ մեկի կամ մի խմբի, այլ հանուն երկրի եւ ազգի: Մեր դիրքորոշումն անձնավորված չէ եւ պայմանավորված չէ անձերով: Ով էլ լիներ նախագահ, որ ուժերն էլ լինեին կառավարող, միեւնույնն է, դրանից հարցի էությունը չի փոխում, եւ պարզից էլ պարզ է, որ այսօր Հայաստանի, հայ ազգի շահերից չի բխում Սահմանադրություն փոխելը:

Մեկ անգամ եւս շեշտենք, որ այսօր առկա հազարավոր խնդիրներից եւ ոչ մեկը կապված չէ Սահմանադրության եւ կառավարման մոդելի հետ: Ներկայացված նախագիծը թույլ է, բայց եթե նույնիսկ քննարկման դրվեր իդեալական փաստաթուղթ, ապա դրանից չէր բխի, որ այն պետք է ընդունվի: Խնդիրն այն է, որ այն վիճակում, որում գտնվում է Հայաստանը, ոչ մի դեպքում չի կարելի կառավարման մոդել փոխել:

Մենք այս մոդելով Արցախ ենք ազատագրել, տնտեսության երկնիշ աճ ապահովել: Այս Սահմանադրությունը թույլ է տվել հաղթահարել ճգնաժամային փուլերը: Եւ հիմա, մեղմ ասած, ազնիվ չէ վերցնել եւ հայտարարել, թե առկա խնդիրների պատճառը Սահմանադրությունն է: Ազնիվ չէ, երբ մեզ մեղադրում են, թե առանց կարդալու՝ դեմ ենք նախագծին: Մենք սկզբունքորեն դեմ ենք կառավարման մոդելի փոփոխմանը, եւ դրա համար կարիք չկա ներկայացված նախագիծն ընթերցել, թեեւ ծայրից ծայր, այն էլ՝ մի անգամ, ընթերցել ենք, իսկ առանց կարդալու կողմ էին ՀՅԴ-ն եւ դեմ՝ Սերժ Սարգսյանը: Վերջին հաշվով, երբ նա դեմ արտահայտվեց խորհրդարանական համակարգին, դեռ նախագիծ էլ չկար, որ կարդար:

Այնպես որ, մեզ մի՛ փորձեք համոզել, թե առկա իրականության մեղավորը կառավարման մոդելն է: Մի՛ փորձեք գնդակոծությունների տակ ապրող այգեպարցուն կամ Չինարիի բնակչին համոզել, թե ձեզ գնդակոծում են, քանի որ Սահմանադրությունը լավը չէ: Վերջապես, երբ երկրում ինչ-ինչ պատճառներով բողոքի ալիք է բարձրանում, իշխանություններն ասում են, թե կիսապատերազմական վիճակում չի կարելի ներքաղաքական իրավիճակը սրել, իսկ հիմա իրենք վերցրել եւ Սահմանադրություն ենք փոխում: Հիմա հարց է առաջանում՝ մենք կիսապատերազմական վիճակո՞ւմ ենք, թե՞ ոչ, հիմա Տավուշի մարզի գյուղերը գնդակոծվո՞ւմ են, թե՞ ոչ: Հիմա ի՞նչ՝ ցանկանում եք գնդակոծության տակ ապրող մարդուն, սահմաններում որդի եւ ամուսին, եղբայր ու հայր ունեցողներին առաջարկել նախագիծ քննարկել, իսկ հետո մասնակցել հանրաքվեին: Մի՞թե սա ճիշտ է: Կարծում ենք, որ ոչ:

Հիմա ոմանք կհարցնեն՝ իսկ ե՞րբ են Սահմանադրություն փոխում: Սահմանադրությունը փոխում են, երբ գործող հիմնական օրենքը կառավարման ճգնաժամի պատճառ է դառնում, երբ երկրում առաջանում է ներիշխանական, ներքաղաքական ճգնաժամ, իսկ գործող սահմանադրությունը թույլ չի տալիս այն լուծել:

Վերջին հաշվով, մի օր, երբ Հայաստանը կանգնի ընկած տեղից, հաստատուն ճանապարհով շարժվի դեպի ժողովրդավարություն, տնտեսությունն իսկապես լինի ազատ շուկայական եւ առողջ, որտեղ չեն լինի մենաշնորհներից օգտվողներ, կարելի է մտածել դասական խորհրդարանական համակարգի անցնելու մասին, բայց հիմա այդ մասին մտածելն ու խոսելը դեռ շատ շուտ է: Հիմա միայն պետք է ամեն ինչ անել, որ հաղթի առողջ բանականությունը, եւ դադարեցվի Սահմանադրություն փոխելու գործընթացը:

Գեղամ Նազարյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/51066.html

Այս խորագրի վերջին նյութերը