Լրահոս

02.09.2015 13:05


Բացահայտվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ

Բացահայտվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ, հիվանդության փոխանցման ուղիները: Կան ձերբակալվածներ: Հստակեցվում է մեղավոր անձանց շրջանակը:

Հունվարի 17-ին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել էր «հեպատիտ c» հիվանդություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, որի քննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը: Կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների վարակվելու պատճառները պարզելու համար:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար:

Հարուցված քրեական գործի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 1-ին սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում և անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, կասկածանքով ձերբակալվել են «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ Վ.Մանասյանը և նույն բժշկական կենտրոնի նախկին բուժաշխատող, բժիշկ-անեսթեզիոլոգ Ե.Ավագյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը