Աշխարհ

31.08.2015 18:45


«Suzuki»–ն հետ կգնի իր բաժնետոմսերը «Volkswagen»–ից

«Suzuki»–ն հետ կգնի իր բաժնետոմսերը «Volkswagen»–ից

Ճապոնական ավտոարտադրող «Suzuki Motor Corp.»–ը դադարեցնում է համագործակցությունը գերմանական «Volkswagen AG» ընկերության հետ և հետ է գնում նրանից իր բաժնետոմսերը 400 մլրդ իենով (մոտ 3,3 մլրդ դոլար)։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, Տոկիոյում լրագրողներին ասել է ընկերության նախագահ Օսամու Սուդզուկին։

«vestifinance.ru»–ի փոխանցմամբ՝ այդ որոշումը գերմանական ընկերությունը կայացրել է Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումից հետո, որով պետք է բավարարվեր «Suzuki»-ի հայցը, քանի որ «Volkswagen»-ը խախտել էր երկկողմանի համագործակցության պայմանները։

2009–ին համագործակցության պայմանագիր կնքելով «Volkswagen»–ի հետ՝ «Suzuki»–ն ծրագրում էր վաճառքի անկումից հետո գերմանական կոնցեռնի տեխնոլոգիաների շնորհիվ մեծաքանակ մեքենաներ ստեղծել եվրոպական շուկայի համար։ Դրա դիմաց 2010–ին «Volkswagen»–ը 222,5 մլրդ իենով (2,5 մլրդ դոլար այն ժամանակվա փոխարժեքով, մոտ 1,87 մլրդ դոլար՝ այսօրվա փոխարժեքով) ձեռք բերեց «Suzuki»–ի բաժնետոմսերի 19,9%–ը՝ դառնալով վերջինի խոշորագույն բաժնետերը։

Բայց գերմանական ավտոարտադրողն այդպես էլ չիրագործեց համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և սկսեց ճապոնացիներին պարտադրել բիզնեսի վարման իր կանոնները։ Մասնավորապես, «Volkswagen AG»–ն արգելեց գնել «Fiat»–ի շարժիչները՝ առաջարկելով «VW»–ինը, հակառակ պայմանավորվածություններին՝ չթույլատրեց «Suzuki»–ի հասանելիությունն իր կարևորագույն տեխնոլոգիաներին։

Ի վերջո, 2011–ի նոյեմբերին «Suzuki»–ն չեղարկեց համագործակցությունը «VW»–ի հետ և պահանջեց վերադարձնել իր բաժնետոմսերը։ Գերմանական ավտոարտադրողը հրաժարվեց, որից հետո «Suzuki»–ն հայց ներկայացրեց «Volkswagen»–ի դեմ Միջազգային արբիտրաժային դատարան։ Վերջինն արդարացի համարեց ճապոնական ընկերության բողոքը։

«Մենք հետ կգնենք մեր բաժնետոմսերը շուկայական գնով։ Գործարքի սպասվող արժեքը 400 մլրդ իեն է», – հայտարարել է ճապոնական ընկերության տնօրեն Օսամու Սուդզուկին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը