Լրահոս

16.11.2009 17:49


Կալանավորվել է պետական չինովնիկ

Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը 2 մարդու մահվան պատճառ է դարձել, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով  2009 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորվել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության առաջին կարգի մասնագետ Վահե Դավթյանը: Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Դավթյանը, 2009 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 02-ի սահմաններում, գտնվելով միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում,  Ջրվեժում գործող «Մատրյոշկա» գիշերային ակումբից իր ծանոթուհուն տուն տանելու ճանապարհին  թույլ է տվել ճանապարհային  երթևեկության կանոնների 18,65,66 կետերի և «Ճանապարհային երթևեկության  անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջների խախտում: Մասնավորապես՝ Գայի պողոտայով ավտոմեքենան վարել է տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ և նախապես չընտրելով ավտոմեքենայի շարժման նկատմամբ լիարժեք կառավարման  հնարավորությունն ապահովող սահուն ռեժիմ, լուսացույցի  արգելող՝ կարմիր լույսի  ազդանշանի պայմաններում  մուտք  գործելով Գայի պողոտա և Ն.Ստեփանյան փողոցի խաչմերուկ, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և իրեն զրկելով ճանապարհա-տրանսպորտային պատահարը կանխելու տեխնիկական հնարավորությունից,  ընդհարվել է «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2795 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենային, որից հետո ընթանալով դեպի աջ՝ ընդհարվել է ճանապարհի աջ կողմում կայանված  «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 2813, «ՎԱԶ 2107»մակնիշի Տ2815 և «ՎԱԶ 11183» մակնիշի Տ2820 պետհամարանիշների  ավտոմեքենաներին : Վթարի հետեւանքով «ՎԱԶ 2107» մակնիշի Տ2795 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Վարդգես Պետրոսյանը և ուղևոր  Հովհաննես Խաչատուրյանը տեղում մահացել են։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2009 թվականի նոյեմբերի 16-ին Վահե Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը