Լրահոս

16.11.2009 17:30


Երբ հակահերոսը դառնում է հերոս

Երբ հակահերոսը դառնում է հերոս

-Մենք պետք  է արժեքները ճիշտ գնահատենք։  Դրանից է հիմա կախված ընթերցող-գրականություն կապը։ Բարձրացնե՛նք գնահատականը, և նա կգա դեպի գիրքը։ Ոչ թե ընթերցողն է հեռացել գրականությունից, այլ գրականությունն է հեռացել ընթերցողից։ Ամենևին այն կարծիքին չեմ, որ ժողովուրդը կորցրել է գրական ճաշակը, չափանիշը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ հասարակության՝ գրականության հանդեպ ունեցած պահանջի մասին՝ ասել է գրականագետ Դավիթ Գասպարյանը։

Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենն էլ ասել է, թե համամիտ չէ այդ տեսակետի հետ, որովհետև, ըստ նրա, գրականությունը չի կարող հեռանալ կամ մոտենալ. ընթերցողը պետք է կամ մոտենա, կամ հեռանա արվեստից։

-Վերաբերմունքի խնդիր կա։ Ի՞նչ է կատարվում։ Հասարակության ընդհանուր մակարդակն այնքան է իջեցվել.... Մենք ունենք հրաշալի արվեստագետներ։ Դուք երբևէ տեսե՞լ եք հրաշալի արվեստագետի, որ հերոս լինի սերիալում. նա կամ ծաղրվում է, կամ...Բա ոստիկանի՞ կերպարը։ Ծաղրուծանակի է ենթարկվում՝ որպես բութ, անհասկացողի մեկը, իսկ առաջին պլանում քրեական հեղինակությունը, կրիմինալ, տարատեսակ սպիներով պատված դեմքերով մարդիկ են։ Սրանք են դառնում մեր հասարակության կուռքը։ Դե հիմա արի այս հասարակության համար մի սիմֆոնիկ երաժշտություն գրի, որ այս հասարակությունը գնահատի,-նշել է նա։

Դավիթ Գասպարյանը համաձայնել է, որ լավ գրականության չափանիշներն ընկած են, բայց և մատնանշել է, որ մտավորականությունը պետք է դուրս հանի հասարակությանն այդ վիճակից։

-Ժամանակի հերոսով է պայմանավորված գրականության շրջումը։ Աբովյանը բերեց նոր հերոս, գրականությունը փոխվեց, Տերյանը բերեց նոր հերոս, գրականությունը փոխվեց։ Այսօր ուզում եմ վերցնել գիրքն ու տեսնել Հայաստանի լիարժեք կյանքը։ Դժբախտաբար, այսօր ամբողջականությունը գրականության նյութ չի դառնում. մասնակի է ամեն ինչ,-նշել է նա։

Վահե Արսենն էլ ասել է, թե արվեստը և մարդը մասնատված են, ու ժամանակի հերոսի կորուստ ունենք։

-Դրա համար էլ հակահերոսը դառնում  է գրական հերոս,-շարունակել է Դավիթ Գասպարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը