Լրահոս

13.08.2015 21:23


Քննությամբ պարզվել են Ագարակում հնչած կրակոցների մի շարք հանգամանքներ

Քննությամբ պարզվել են Ագարակում հնչած կրակոցների մի շարք հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են 2015թ. օգոստոսի 4-ին Ագարակում հնչած կրակոցների մի շարք հանգամանքներ, հստակեցվում են առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական քննության տվյալներով՝ 2015թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ագարակի բնակիչ, 1962թ. ծնված Ս.Հովհաննիսյանի հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող 28-ամյա Ռ.Աթանեսյանը, 30-ամյա Բ.Ավետիսյանը ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանել են նրա հետ:

Այնուհետև նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Ռ.Աթանեսյանին պատկանող «Պորշե Կայեն S 4.5» մակնիշի, Բ. Ավետիսյանին պատկանող «Մերսեդես Բենց E320» մակնիշի և Լ. Ալավերդյանին պատկանող «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենաներով դարանակալել են Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 22-րդ շենքի բակում, ապա «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող անձը վարելով հարվածել է Ս.Հովհաննիսյանի վարած «Նիսսան Իքստրեյլ» մակնիշի ավտոմեքենայի ձախ հատվածին։ Այնուհետև կրակոցներ են արձակվել Ս.Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն վերջինիս հաջողվել է դիմել փախուստի։

Դեպքի առթիվ 2015թ. օգոստոսի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մարդուն դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու փորձ):

Քննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 3 անձ. 2015թ. օգոստոսի 12-ին Սյունիքի մարզային քննչական վարչություն են ներկայացել Սյունիքի մարզի բնակիչներ Հ. Հովհաննիսյանը /ծնված 1984թ./ և Ռ.Աթանեսյանը /ծնված 1987թ./, վերջինս ներկայացրել է նաև «Վինչեստր ֆաբարմ» մոդելի 12 մմ տրամաչափի մեկ փողանի որսորդական հրացանը։

Օգոստոսի 11-ին Սյունիքի մարզային քննչական վարչություն էր ներկայացել նաև միջադեպի մասնակից Բ.Ավետիսյանը: Նշված երեք անձինք ձերբակալվել են՝ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի
բաժին

Այս խորագրի վերջին նյութերը