Լրահոս

16.11.2009 16:27


Մարիամ Սուխուդյանի գործն ուղարկվել է լրացուցիչ հետաքննության

 

Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի գործը  ուղարկվել է լրացուցիչ հետաքննության: Ինչպես «ԷկոԼուրին» հայտնեց փաստաբան Նոնա Գալստյանը, նախնական հետաքննության ողջ ընթացքում առաջին անգամ իրավապահ մարմինները բավարարեցին պաշտպանության կողմից ներկայացված երկու միջնորդությունները:

Ներկայումս Մարիամ Սուխուդյանը մեղադրվում է զրպարտության մեջ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական գործերի Էրեբունու վարչության քննիչները մի քանի անգամ փոխեցին Մարիամ Սուխուդյանի դեմ ուղղված մեղադրանքի հոդվածը: Մարիամ Սուխուդյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված ոչ մի հոդվածով:

Լրացուցիչ հետաքննությունը կվարի քննիչ Վիգեն Մեսրոպյանը, որը մինչեւ հիմա անցկացնում էր տվյալ գործով քննչական գործողություններ: «Մենք հույս ունենք, որ վերջնական արդյունքում արդարությունը կհաղթանակի եւ Մարիամ Սուխուդյանը կարդարացվի, իսկ պատիժը կկրեն իրական մեղավորները»,- հայտարարեց փաստաբան Նոնա Գալստյանը:

Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ թիվ 2105809 քրեական գործը հարուցվել է Հանրային հեռուտաընկերության 2008թ. նոյեմբերի 13-ի հեռուստահաղորդման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սաներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին: Սկզբում Մարիամ Սուխուդյանը հրավիրվեց քննչական բաժին' որպես վկա: Հետո' 2009թ. օգոստոսի 11-ին, նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի 1-ին կետով' զրպարտություն: Օգոստոսի 15-ին մեղադրանքը վերաորակավորվեց «սուտ մատնություն»' 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ:  Հոկտեմբերի 21-ին մեղադրանքը կրկին վերաորակավորվեց նախկին հոդվածով' զրպարտություն:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը