Հարցազրույց

08.08.2015 11:43


«Հանրաքվեն կարող է մղձավանջ դառնալ իշխանության համար»

«Հանրաքվեն կարող է մղձավանջ դառնալ իշխանության համար»

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը «Zham.am»-ի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրության հանրաքվեի դեմ պայքարին:

–Հրապարակվել են նոր Սահմանադրության 1-15-րդ գլուխները: Ինչպիսի՞ գնահատական կտաք սահմանադրական փոփոխությունների ամբողջական տեքստին. գտնվե՞լ են դրանում արդյոք նոր ռիսկային դրույթներ, որոնք առավել հիմնավոր են դարձնում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության պայքարը սահմանադրական փոփոխությունների դեմ:

–Ինչպես գիտեք, մենք ունեինք նախապես հրապարակված նախագծի 1-7-րդ գլուխները, որոնք վերաբերում էին ԱԺ-ին, Նախագահին և Կառավարությանը, կամ, այլ կերպ ասած, կառավարման համակարգին: Մենք խոսել ենք այն մասին, որ դրանցում առկա են վտանգավոր դրույթներ, որոնք ուղղված են սահմանադրորեն մեկ կուսակցության մենաշնորհի հաստատմանը և դրա առաջնորդի իշխանության հավերժացմանը: Սա ապացուցվում է ԱԺ նախագահի լիազորությունների աննախադեպ ընդարձակման, ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի, կայուն մեծամասնության դրույթներով, որոնց դեպքում քաղաքական հակակշիռները կվերանան երկրում, ամեն ինչ կորոշի մեծամասնություն ունեցող կուսակցությունը: Հակակշիռները վերացած են նաև այսօր, բայց փոփոխություններից հետո դրանք կստանան սահմանադրական ձև:
Գալով Ձեր հարցին՝ պետք է նշեմ, որ այս վտանգավոր դրույթները չեն փոխվել հրապարակված վերջին տեքստում: Անտեսվել է նաև Վենետիկի հանձնաժողովի կոչը՝ հանելու երկրորդ փուլի, կայուն մեծամասնության դրույթները:

–«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, կարծես, հայկական իրականության մեջ միակն է, որը չվախեցավ քաղաքական հարցը քաղաքական հարթությունում թողնելուց և հենց այդ մակարդակում էլ պայքարը ծավալելուց: Ինչո՞վ է դա պայմանավորված. մի՞թե անցյալում տեղ գտած պայքարի առիթ հանդիսացող խնդիրները քաղաքական չէին կամ քիչ քաղաքական էին:

–Անցյալում ևս բոլոր հարցերը եղել են քաղաքական, սոցիալական խնդիրները նույնպես քաղաքական են: Քաղաքական և ոչ քաղաքական բանավեճն արհեսականորեն ներմուծվել է իշխանության կողմից՝ վերջինիս համար դիմադրության շարժումներն անվտանգ դարձնելու համար: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ եթե դու ցանկանում ես լուծել որևէ հարց, դու պետք է վտանգ ներկայացնես իշխանության գոյության համար. հակառակ դեպքում քո շարժման և քո խնդրի գոյությունն իշխանության համար դառնում է տանելի: Այս մասով, սակայն, ցանկանում եմ առանձնացնել «Դեմ եմ» շարժման պայքարի մի շրջանը և ասել, որ այդ շարժման հիմնական հաջողությունը պայմանավորված էր այն ժամանակահատվածի հետ, երբ նրանք միասին էին գործում պառլամենտական ուժերի հետ: Այդ ժամանակ իշխանությունը գնաց զիջման, որովհետև վտանգ զգաց:
Ինչ վերաբերում է մեզ, ապա, նախ սահմանադրական փոփոխությունն ակնհայտ քաղաքական հարց է, երկրորդ՝ մենք հասկանում ենք դա նախաձեռնողի նպատակը, երրորդ՝ մենք սրա տապալումը և ռեժիմի կազմաքանդումը դիտարկում ենք մեկ փաթեթի մեջ: Սա է իրականությունը․ լինել դեմ սահմանադրական փոփոխություններին և չլինել դեմ Սերժ Սարգսյանի իշխանության հեռացմանը նշանակում է զբաղվել քաղաքական իմիտացիայով:

–Պայքարի բազում տարբերակներ են հնչեցվել, սակայն հանրության շրջանում կարծես նշմարվում է «Ոչ»-ի տարբերակը: Ինչո՞վ է արդյունավետ ու առավել ընդունելի այս տարբերակը:
–Նախ՝ ասենք, որ «Ոչ»-ի տարբերակը նշանակում է այն, որ քաղաքացիները հանրաքվեի օրը պետք է գնան տեղամաս՝ քվեարկելու «Ոչ»: Մյուս տարբերակը հանրաքվեն բոյկոտելու տարբերակն է: Այս հարցում դեռևս կոնսեսուս չկա, բայց իսկապես նկատելի է, որ «Ոչ»-ի կողմնակիցներն ավելի շատ են: Ամեն ինչ կախված է ռեսուրսներից: Եթե դու գնում ես «Ոչ»-ի տարբերակով, դա նշանակում է, որ ընդդիմադիր շարժումը պետք է դառնա հանրաքվեի գործընթացին մասնակցող հզոր ճակատ: Անձամբ ես նույնպես կարծում եմ, որ պետք է գնալ «Ոչ»-ի տարբերակով: Դա չի նշանակում, որ ես վստահում եմ ընտրական գործընթացին: Բայց կան բոլոր նախադրյալները, որ այդ հանրաքվեն կարող է մղձավանջ դառնալ իշխանության համար: Եթե մեր հասարակությունն ընդունի այն, որ սա ընտրություն է Սերժ Սարգսյանին «կողմ»-ի կամ «դեմ»-ի միջև, ապա իշխանությունները տապալվելու են, և անցնեն կեղծարարության: Սա, իհարկե, կստանա իր պատասխանը, բայց դա հետագայի քննարկելիք հարց է: Հիմնական հարցն այն է, որ հանրաքվեն ունի ավելի մոբիլիզացնող և ակտիվացնող հատկություն, քան բոյկոտը:
Մանրամասները՝ «Zham.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը