Լրահոս

07.08.2015 23:20


ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Սննդային թունավորումներից, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից խուսափելու համար կրկին հորդորում ենք`

• խուսափել կրեմային հրուշակեղեն, խառը՝ ոչ ճիշտ պահպանված աղցաններ օգտագործելուց,

• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում,

• ընտրել թարմ` ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

• չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

• չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ և հյութեր,

• հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

• սննդամթերքը պահել փակ տարողություններում և պատշաճ ջերմային պայմաններում,

• առանձնացնել հում սննդամթերքը եփածից, լավ եփել կամ տապակել սնունդը,

• Արգելե´լ երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ վերջինները նախատեսված չեն լողի համար, չունեն համապատասխան կառուցվածք՝ ջուրը մաքրելու համար: Լող չկազմակերպե´լ նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է) հատվածներում:

Միաժամանակ, հաշվի առնելով հանրապետությունում շոգ եղանակային պայմանները, օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու համար անհրաժեշտ է՝

• խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում,

• հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ և/կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ,

• անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից,

• ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

• օգտագործել սովորականից շատ հեղուկ /մոտավորապես 3 լիտր օրական/ (Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),

• չչարաշահե´լ կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

• արգելվո´ւմ է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

• պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,

• այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը