Տնտեսական

16.11.2009 15:29


Հայ–թուրքական սահմանի բացումը կխթանի՞, թե՞ կխանգարի հայկական գինու արտադրությանը

Հայ–թուրքական սահմանի բացումը կխթանի՞, թե՞ կխանգարի հայկական գինու արտադրությանը

-Արդեն փաստվել է, որ խաղողը ծնվել և կազմավորվել է Հայկական լեռնաշխարհում, և եվրոպական աշխարհի լավագույն սորտերը մեր ժառանգներն են։ Բնությունը մեզ մոտ 500 աբորիգեն սորտեր էր թողել, որոնցից ԽՍՀՄ-ի տարիներին օգտագործվում էր 20-25-ը։ Մնացածը մութ էր մնում և չուսումնասիրված։ ԽՍՀՄ-ի տարիներին մենք չօգտագործեցինք հնարավորությունը, որպեսզի գենոֆոնդն ուսումնասիրվի, և աշխարհում այսօր ոչ մի հայկական տեսակի խաղող ընդունված չի որպես լավագույն խաղող։ Չունենք էլ, որ ցույց տանք,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայկական խաղողի և գինու արտադրության մրցունակության մասին՝ ասել է Գինի արտադրողների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Ազգագրագետ Սուրեն Հոբոսյանն էլ նրան շարունակելով՝ ասել է, որ այդ 500 տեսակի աբորիգեն սորտերից մենք հատուկենտ սորտեր ունեք պահպանված, որոնք էլ, սակայն, դարձյալ ոչնչացման եզրին են։

-Այսօր կտրուկ փոխվել է այն հումքային բազան, որի վրա ստեղծվում էր լավ  հայկական գինին։ Մենք կորցնում ենք խաղողի տեսակներ, որոնք Հայաստանի, Հայկական լեռնաշխարհի համար  բնիկ տեսակներ են,-նշել է նա։

Խոսելով գինու արտադրության վրա հայ-թուրքական սահմանի բացման ազդեցության մասին՝ Ավագ Հարությունյանն ասել է, որ եթե գնանք հունաթուրքական մոդելով, և հայկական ներդրումներ լինեն Արևմտյան Հայաստանում, այդ ժամանակ մեր տնտեսությունը կլինի վտանգված։ Բայց նաև հավելել է, որ գինու և կոնյակի արտադրության մասին համաշխարհային և հայկական յուրահատուկ օրենսդրությունները թույլ չեն տալիս, որ թուրքական շուկան վնասի հայկական գինու արտադրությանը։

-Պետք է նժարին դնել, թե ո՞րն է լավ՝ զարգացնել Արևմտյան Հայաստանը և ունենալ բարիդրացիական հարաբերություններ Թուրքիայի հետ ու մոռանա՞լ այն, որպես ապագայում մեր բաղկացուցիչ մաս, թե՞ պայքարել.....,-նշել է նա։

Ըստ Ավագ Հարությունյանի՝ Արևմտյան Հայաստանում պահպանվում է հայկական խաղողի 250 տեսակ, և եթե որոշենք Թուրքիայի հետ հաշտ ապրել, ապա կկարողանանք այդ սորտերը պահպանել։

-Թուրքիային ոգևորում է այն գաղափարը, որ խաղողը ծագել է Հայկական լեռնաշխարհում, կամ, ինչպես իրենք են հիմա փոխում, Անատոլիայի տարածքում, և ցանկացած ներդրում կանի տուրիստական կենտրոններ ստեղծելու համար։ Թուրքիայի ագրոտուրիզմը մեր բյուջեի չափ է. պատկերացրե՛ք՝ ինչքան փող կներդնեն, որ ապացուցեն, թե Թուրքիան է խաղողի սկզբնաղբյուրը։  Եթե որոշենք ապրել հաշտ-համերաշխ և ներդրում կատարենք,  այդ սորտերը կվերականգնվեն, և համատեղ մի բան կստացվի. տեղում արտադրանք, բրենդ կտանք,-ասել էնա։

Այն հարցին, թե դա որպես հայկակա՞ն բրենդ է լինելու, նա պատասխանել է՝ ո՛չ, որպես թուրքական բրենդ, և այլ տարբերակ էլ չկա։

-Եթե կարող ենք, պատերազմենք, գրավենք այդ տարածքները և մեր արտադրանքը ստեղծենք։ Կամ խաղաղ համագործակցենք և ստեղծենք Կովկասի, Անատոլիայի բրենդը։ Մի քիչ տարօրինակ է հնչում, բայց ավելի լավ է թուրքերի հետ հաշտ ու խաղաղ ապրել, քան պատերազմով,-նշել է Ավագ Հարությունյանը։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը