Լրահոս

05.08.2015 16:23


Ավտովթարից հրետանու շտաբի պետի մահանալու դեպքով հարուցվել է քր. գործ

Ավտովթարից հրետանու շտաբի պետի մահանալու դեպքով հարուցվել է քր. գործ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։

2015թ. օգոստսի 5-ին` ժամը 06-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Վահագն Խաչատրյանը և Արսեն Հունանյանը:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. օգոստոսի 5-ին` ժամը 05:30-ի սահմաններում, 35-ամյա Վահագն Խաչատրյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5-րդ կմ հատվածում բախվել է Ա.Գրիգորյանի վարած «Դաֆ AE 45180» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով Վահագն Խաչատրյանը և նրա ավտոմեքենայի ուղևոր, 31-ամյա Արսեն Հունանյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ։ Մի քանի ժամ անց, գիտակցության չգալով, N զորամասի հրետանու շտաբի պետ Արսեն Հունանյանը բժշկական կենտրոնում մահացել է։

Դեպքի առթիվ նույն օրը՝ օգոստոսի 5-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նախաքննության ընթացքում կատարվել են դիակի, ավտոմեքենաների զննություններ, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը