Կարծիք

05.08.2015 15:10


Դե ֆակտո, երկրի տերն է հռչակվում «կայուն մեծամասնության» ղեկավարը

Դե ֆակտո, երկրի տերն է հռչակվում «կայուն մեծամասնության» ղեկավարը

Եթե վերցնենք ժողովրդավարական պետության ստեղծման մասին տեսությունները, ապա պետություն ստեղծողը հանդիսանում է ժողովուրդը, որը և ընդունում է երկրի մայր օրենքը:
Երեկ երեկոյան հրապարակված «Սահմանադրական բարեփոխումների» նախագիծը, փաստորեն, նոր տեսություն է ստեղծել թե՛ քաղաքագիտության, թե՛ իրավագիտության մեջ:

Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել նախագծի «Հոդված 201. Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը», համաձայն որի՝ «Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների՝ Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունվում են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ: Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի»:

Փաստորեն, ստացվում է, որ Սահմանադրության այն դրույթը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 201-րդ հոդվածով զրոյի է հավասարեցվում, և ժողովուրդն ամբողջությամբ օտարվում է երկրի ճակատագիրը որոշելու իրավունքից (չէ՞ որ երկրի մայր օրենքն է որոշում պետության կառուցվածքը, երկրում գործող կարգն ու նրա հետագա ճակատագիրը)։

Արդյունքում՝ ստացվում է, որ երկրի ստեղծողն այլևս իր ստեղծածի տերը չէ, և, դե ֆակտո, երկրի տերն է հռչակվում «կայուն մեծամասնության» ղեկավարը:

Հարկ է նշել նաև, որ վերոնշյալ հոդվածի 1-ին մասում նշված հոդվածները կապված են մեծ մասամբ ձևավորման մեխանիզմների հետ, այլ ոչ թե գործառական։ Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգը որոշվում է մասերի գործառական կապերով, ապա պատկերացրեք, թե ինչպիսի հետևանքների կարող է բերել նման հոդվածի առկայությունը:

Հ.Գ.: Չգիտես՝ ինչու, հիշեցի «կարմիր կհմերների» իշխանության տարիները Կամբոջիայում, երբ ակնոց կրողները դիտարկվում էին որպես անհուսալի մարդիկ, ինչը կարող էր մեղադրանքի կետերից մեկը դառնալ:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը