Լրահոս

03.08.2015 17:50


Հարուցվել է քր.գործ Ծաղկաձորում 20–ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ

Հարուցվել է քր.գործ Ծաղկաձորում 20–ամյա երիտասարդի մահվան պատճառ դարձած ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ծաղկաձոր քաղաքում ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

2015թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 15։00-16։00-ի սահմաններում, ամերիկահայ Լևոն Շանթի Թոմազը Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 2-րդ կայանի մոտակայքում, Թեղենիս լեռան տարածքում, հողապատ և խոտածածկ ճանապարհին, վարել է «Յամահաե մակնիշի ամենագնացը, ինչը կողաշրջվել է՝ առաջացնելով Լ.Թոմազի մահը։

Դեպքի առթիվ նույն օրը՝ օգոստոսի 1-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի՝ ամենագնացի զննություն:

Որոշում է կայացվել Լ. Թոմազին տուժող ճանաչելու մասին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Պարզվել է, որ Լեւոն Թոմազը ԱՄՆ Գլենդել քաղաքի համանուն ֆուտբոլային ակումբի անդամ է, ով ակումբի անդամների հետ Հայաստան է ժամանել 2015թ. օգոստոսի 01-ին՝ համահայկական խաղերին մասնակցելու նպատակով։ Նույն օրն ակումբի մի քանի անդամներ մեկնել են Ծաղկաձոր շրջագայելու՝ նստել են ճոպանուղի, ապա նաև վարել ամենագնաց։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Լ.Թոմազի ընկերները, վթարի պահին նույն ամենագնացի մյուս ուղևորը։ Ականատես վկաների ցուցմունքների համաձայն՝ սարից իջնելու ժամանակ ամենագնացը վարել է տուժողը՝ ոչ շատ արագ։ Ճանապարհին ամենագնացի հետևի մասն անսպասելի վերև է բարձրացել, որի հետևանքով ուղևորը վրայից ընկել է առաջ, ամենագնացը կողաշրջվել է, իսկ Լ.Թոմազը՝ հայտնվել ամենագնացի տակ։

Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները, ձեռնարկվում են անհրաժեխտ միջոցներ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը