Լրահոս

02.08.2015 20:35


Հարսանեկան խնջույքի ժամանակ թունավորվածների թիվը հասել է 33–ի

Հարսանեկան խնջույքի ժամանակ թունավորվածների թիվը հասել է 33–ի

Օգոստոսի 1-ին, ժամը 24-ի մոտ, ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել տարբեր տարիքի 11 բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նախարարության մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ նույն գանգատներով հիվանդներ են դիմել նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և Մասիսի բժշկական կենտրոն: Ընդհանուր թվով բժշկական օգնության է դիմել 33 անձ, որից 19-ը` «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 11-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և 3-ը` Մասիսի բժշկական կենտրոն։ Նրանցից 7–ը 0-14 տարեկան են:

Բոլոր դիմածների մոտ դիտվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում՝ եզակի դեպքերում՝ արյան հետքերով, թուլություն, իսկ մի քանիսի մոտ՝ փորլուծություն: Հոսպիտալացվել է 28–ը: Հիվանդների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:

Ներկայումս միայն Մասիսի բժշկական կենտրոնում շարունակում է հիվանդանոցային բուժում ստանալ 3 հիվանդ, որոնք Մասիսի բնակիչ են: Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Մյուս բոլոր հիվանդները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և առողջացումով դուրս գրվել «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ բոլոր հիվանդները հարսանեկան խնջույքի են մասնակցել Երևանի արվարձանում գտնվող ռեստորաններից մեկում: Հաշվառվել են ռեստորանում խնջույքի բոլոր մասնակիցները, աշխատանքներ են տարվել նրանց հետ կապ հաստատելու ուղղությամբ։ Բոլորին բացատրվել է, որ գանգատներ ունենալու դեպքում անմիջապես դիմեն բժշկական օգնության: Պարզվել է ռեստորանում օգտագործած սննդի ցանկը։ Քննչական մարմինների, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ ռեստորանում նմուշառումներ են իրականացվել սննդի մնացորդներից: Նմուշառումներ են իրականացվել նաև ջրից և հիվանդների կենսաբանական նյութերից:

Հսկողությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը