Աշխարհ

31.07.2015 20:12


2022–ին Հնդկաստանը կլինի ամենաբնակեցված երկիրը

2022–ին Հնդկաստանը կլինի ամենաբնակեցված երկիրը

ՄԱԿ-ի «World Population Prospects» զեկույցի համաձայն` մոտակա 7 տարվա ընթացքում Հնդկաստանը դառնալու է աշխարհի ամենաբազմամարդ երկիրը: Մասնագետների հաշվարկներով՝ 2022թ. Հնդկաստանի բնակչության թիվը հասնելու է 1,4 մլրդ–ի՝ գերազանցելով Չինաստանի բնակչությանը:

2030թ. երկրի բնակչության թիվն ավելանալու է ևս 100 միլիոնով, և դա այն դեպքում, երբ Չինաստանի բնակչության թվի աճն ամբողջությամբ դադարելու է: Բնակչության աճի արագ տեմպեր են գրանցվել նաև Նիգերիայում։ Վերջինի բնակչությունը, ըստ մասնագետների, 2050թ. գերազանցելու է ԱՄՆ բնակչության թվին:

Զեկույցում նշվում է, որ 35 տարի անց Երկրի բնակչության թիվը 7,3 մլրդ-ից դառնալու է 9,7 մլրդ, իսկ 85 տարի անց` 11,2 մլրդ: Բնակչության թվի աճի մեծ մասը գրանցվելու է զարգացող երկրներում, և Սև մայրցամաքը կապահովի աշխարհի բնակչության աճի կեսը, իսկ Անգոլայի, Մալավիի, Մալիի, Նիգերի, Սոմալիի, Ուգանդայի, Տանզանիայի, Զամբիայի և Կոնգոյի հանրապետության բնակիչների թիվը կաճի միանգամից 5 անգամ:

ՄԱԿ-ի բնակչության գործերով վարչության ղեկավար Ջոն Վիլմոնտը հայտնել է, որ աղքատ երկրներում բնակչության աճի արագ տեմպերի պատճառով դժվար կլինի պայքարել աղքատության, քաղցի դեմ, զարգացնել առողջապահության և կրթական համակարգերը: Նշվում է նաև, որ ժողովրդագրական հիմնական միտումներից մեկը լինելու է բնակչության արագ ծերացումը, ինչի վառ օրինակն է այսօրվա Չինաստանը, որի իշխանությունները վերանայում են իրենց «մեկ ընտանիք, մեկ երեխա» քաղաքականությունը. այն, սակայն, դեռ որևէ դրական արդյունքի չի բերել. ընդամենը մոտ 900 հազ ընտանիք է ցանկություն հայտնել երկրորդ երեխան ունենալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը