Լրահոս

16.11.2009 10:53


ԵԽ գլխավոր քարտուղար. «Ադրբեջանի անդամությունն այս կազմակերպությունում կարող է հարցականի տակ դրվել»

«Turan» գործակալությանը և «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը  ասել է, որ եթե Ադրբեջանի վրա հնարավոր չէ ազդել ԵԽ-ի հանդեպ պարտավորություններով, ապա օրակարգում հարցականի տակ կդրվի միջազգային կազմակերպության շարքերում երկրի ադմության հարցը։

Այն հարցին, թե շատ կտրուկ արձագանքելով Ադրբեջանում երկու բլոգերների ձերբակալությանը՝ արդյոք նրան չի՞ զարմացրել այդ գործի ավարտը, նա պատասպանել է՝ և՛ այո, և՛ ոչ։

-Մենք միշտ զարմանում ենք նման արդարադատություն տեսնելով։ Չնայած նրանց մեղադրել են խուլիգանության մեջ՝ մեղադրանք ներկայացնելու պատճառն ինչ-որ այլ բան էր։ Ես երկար ժամանակ եմ հետևում Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, և կարող եմ ասել, որ դա ինձ չզարմացրեց։ Միևնույն ժամանակ մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության վիճակով,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

Պատասխանելով «Ինչո՞ւ ԵԽ-ն չի պահանջում Ադրբեջանից իր պարտականությունների կատարումը» հարցին՝ Թորբյորն Յագլանդն ասել է, որ միշտ դժվար է որևէ բան անել, երբ անդամ-պետությունները չեն կատարում իրենց պարտականությունները ԵԽ-ի առջև։    

-Միակ բանը, որ մենք կարող ենք անել, այդ պարտականությունների  մասին հիշեցնելն է։ Երբ նման բան է տեղի ունենում, մենք երկրի ղեկավարությունից պահանջում ենք բացատրություն իր գործողությունների համար,-հավելել է նա։

Իսկ թե ի՞նչն է խանգարում ռեսուրսներով հարուստ երկրին լինել ժողովրդավարական, ԵԽ գլխավոր քարտուղարն ասել է, որ ընդունելի չէ, որ այդպիսի ռեսուրսները ծառայեն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոչ պատշաճ կատարումն արդարացնելու համար։

 -Ադրբեջանը և ԵԽ-ի այլ անդամները պետք է գիտակցեն, թե որքան կարևոր են ժողովրդավարության նորմերն ու արժեքները։ Դա նախապայման է հանդիսանում լավ տնտեսություն ունենալու համար,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը