Լրահոս

30.07.2015 11:10


Հարկային տեսուչները ենթարկվել են քրեական պատասխանատվության

Հարկային տեսուչները ենթարկվել են քրեական պատասխանատվության

ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանը, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանը և Հաբեթ Վարդանյանը` մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձինք, կատարել են պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Հարությունյանին պատկանող դեղատուն են այցելել հիշյալ հարկային տեսչության աշխատակիցները և ցույց են տվել 700 դրամ արժողության վիրակապ և խաբեությամբ ներկայացրել, իբր, րոպեներ առաջ այդ վիրակապը գնել է տեսուչ Սմբատ Խաչիկյանը, որի դիմաց, սահմանված կարգով, ՀԴՄ կտրոն չի տրամադրվել:

Նույն պահին Տ. Հարությունյանը հայտարարել է, որ նման վիրակապ իրենց դեղատանը չի վաճառվում և պահանջել է հրավիրել այն աշխատակցին, ով կատարել է հսկիչ գնումը, սակայն, վերջիններս, իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով, հրաժարվել են և պնդել, որ այն իրենց աշխատակիցն է գնել դեղատնից:

Հ. Վարդանյանը, Գ. Մարգարյանը և Ս. Խաչիկյանը ակնհայտ գիտակցելով, որ Սմբատ Խաչիկյանի կողմից հսկիչ գնում չկատարելու և Տաթևիկ Հարությունյանի կողմից վիրակապ չվաճառելու, խախտում թույլ չտալու պայմաններում իրենք վերջինիս տուգանք նշանակելու որևէ լիազորություն չեն ունեցել, այդուհանդերձ, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները` Տ. Հարությունյանին նշանակել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տուգանք՝ 300 հազ. ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ, 2014 թվականի հոկտեմբերի 27-ին և նոյեմբերի 5-ին, 2-ական օրինակից կազմված, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, ստուգման ակտի կեղծ նախագծում և կեղծ ակտում ներառել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, իբր, հարկային տեսուչ Սմբատ Խաչիկյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 19:37-ին, Տաթևիկ Հարությունյանին պատկանող դեղատնից կատարել է հսկիչ գնում: Վերջինս, իբր, գնել է 700 դրամ արժողության վիրակապ, որի դիմաց Տաթևիկ Հարությունյանը ՀԴՄ կտրոն չի տրամադրել, մինչդեռ Սմբատ Խաչիկյանը հիշյալ ժամանակահատվածում գտնվել է այլ վայրում և ընդհանրապես հիշյալ դեղատուն չի գնացել ու հսկիչ գնում չի կատարել:

Այնուհետև Հ. Վարդանյանը և Գ. Մարգարյանը, 2014 թվականի հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 7-ին` միասնական դիտավորությամբ, Տ. Հարությունյանին են հանձնել կեղծ ակտի կազմված նախագիծը և կեղծ ակտը, իսկ դրանց երկրորդ օրինակները կցել են հարկային գործին:

Հաբեթ Վարդանյանի, Գագիկ Մարգարյանի և Սմբատ Խաչիկյանի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման արդյունքում էական վնաս է պատճառվել Տաթևիկ Հարությունյանի իրավունքներին. վերջինիս հանիրավի վերագրվել է հարկային իրավախախտում, ինչպես նաև էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Գագիկ Մարգարյանին, նույն բաժնի տեսուչներ Սմբատ Խաչիկյանին և Հաբեթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հարկային տեսուչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը