Քաղաքական

28.07.2015 10:37


ՀԷՑ-ն իր վնասների մեկ երրորդի չափով նվիրատվություն է արել Սերժ Սարգսյանի ստեղծած հիմնադրամին

ՀԷՑ-ն իր վնասների մեկ երրորդի չափով նվիրատվություն է արել Սերժ Սարգսյանի ստեղծած հիմնադրամին

Տարիներ շարունակ վնասով աշխատող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) հինգ տարվա ընթացքում գրեթե 5․2 միլիարդ դրամ է նվիրաբերել Սերժ Սարգսյանի ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնադրած և այսօր էլ նրանց կողմից կառավարվող «Լույս» հիմնադրամին: Այս մասին գրում է «Ազատություն»–ը։

Նույն ժամանակահատվածում՝ 2010-2014 թվականներին, ՀԷՑ-ը, ընդհանուր առմամբ, կրել է 16․1 միլիարդ դրամի վնաս:

Ստացվում է, որ եթե ռուսաստանյան ընկերությունը չֆինանսավորեր «Լույս» հիմնադրամի գործունեությունը, ապա նախորդ հինգ տարիներին իր վնասները կկրճատեր մոտ մեկ երրորդով:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտը ՀԷՑ-ը հիմնավորել է իր կրած կորուստներով:

Հարցին, թե ինչու ՀԷՑ-ը չի կրճատել իր վնասները, ինչու է նման վնասներ կրող ընկերությունը որոշել է շռայլորեն ֆինանսավորել «Լույս» հիմնադրամը, ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ի հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը արձագանքեց․ «Ես չեմ կարող սեփականատիրոջ փոխարեն պատասխանել․․․ ՀԷՑ-ի նման խոշոր կազմակերպությունը չի կարող չմասնակցել այն երկրի կյանքին, որտեղ ծավալում է իր գործունեությունը: Բարեգործությունը սակագնի հետ որևէ կապ չունի. սա արվում է սեփականատիրոջ ցանկությամբ»:

Իսկ ինչո՞ւ որոշեցին ֆինանսավորել հենց «Լույս» հիմնադրամը, արդյոք դե՞ր է ունեցել այն փաստը, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում են երկրի նախագահն ու նախկին վարչապետը: Այս հարցին Սարջանյանը պատասխանեց․ «Ես որևէ կապ չեմ տեսնում, որովհետև․․․ գոյություն ունի սոցիալական կորպորատիվ պատասխանատվության մի ամբողջ համակարգ, որը գործում է նաև ՀԷՑ-ում»:

«Լույս»-ի հաշվետվության համաձայն, օրինակ, 2014-ին ՀԷՑ-ը հանդիսացել է հիմնադրամի խոշորագույն հովանավորը, սակայն հիմնադրամի պաշտոնական կայքէջի այն մասում, ուր նշված են հովանավորները, ընդհանրապես խոսք չկա ՀԷՑ-ի մասին:

Թե ինչու է «Լույս» հիմնադրամը խուսափում կայքէջում հիշատակել իր խոշորագույն հովանավորին, պարզել չհաջողվեց:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը