Աշխարհ

28.07.2015 01:25


Վարուֆակիսը պատրաստվում էր կոտրել Հունաստանի ֆիննախի կայքը

Վարուֆակիսը պատրաստվում էր կոտրել Հունաստանի ֆիննախի կայքը

Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը զուգահեռ վճարման համակարգ գործարկելու մանրամասն ծրագիր էր պատրաստվում իրականացնել այն դեպքում, եթե Եվրոպական կենտրոնական բանկը փակեր հունական բանկերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Վարուֆակիսը հայտնել է ներդրողների և միջազգային հեջ-ֆոնդերի ղեկավարների հետ հուլիսի 16-ին կայացած տեսակոնֆերանսի ժամանակ:

Չնայած այն հանգամանքին, որ նախարարին զգուշացրել են կոնֆերանսի ձայնագրման մասին՝ նա հայտարարել է, որ հերքելու է բոլոր ասածները: Ծրագիրն իրականացնելու նպատակով Վարուֆակիսը պատրաստվում էր կոտրել պետական եկամուտների գլխավոր քարտուղարության պաշտոնական կայքը, որպեսզի հնարավոր լինի մուտք գործել հարկատուների անհատական հաշվեհամարներ։

Նշվում է, որ ծրագիրը, որի նպատակն էր եվրագոտում Հունաստանի գտնվելը կենսունակ դարձնելը, մշակվել է Ալեքսիս Ցիպրասի հանձնարարությամբ նախքան ընտրություններում հաղթելը։

«Նախագիծը քիչ թե շատ ավարտված էր: Եկեք վերցնենք բանկերի փակումից հետո առաջին րոպեները։ Բանկոմատները չեն աշխատում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է զուգահեռ վճարումների համակարգ, որպեսզի տնտեսությունը շարունակեր որոշ ժամանակ գործել, և որպեսզի ժողովրդի մոտ տպավորություն ստեղծվեր, որ պետությունը վերահսկում է իրավիճակը, և կա հետագա քայլերի նախագիծ», - հայտարարել է Վարուֆակիսը՝ հայտնելով, որ նախատեսվում էր բոլոր հարկ վճարողների հաշվառման համարներին կից գաղտնի հաշվեհամարներ ստեղծել, որպեսզի հնարավոր լիներ բոլոր հարկատուներին կոճակը սեղմելով նոր հաշվեհամարների գաղտնաբառերը տրամադրել:

Այդպես, ըստ նախկին նախարարի, հնարավորություն կստեղծվեր Եվրոպական կենտրոնական բանկի ագրեսիվ քաղաքականության արդյունքում հունական բանկերի փակման պարագայում որոշ ժամանակ «շնչել»: Սակայն նախագծի իրականացումը խոչընդոտների է հանդիպել, քանի որ պետական եկամուտների գլխավոր քարտուղարն ուղղակիորեն և ամբողջությամբ վերահսկվում է վարկատուների «եռյակով»:

«Այն չէր գտնվում իմ անձնական վերահսկողության տակ, այլ վերահսկվում էր Բրյուսելից: Գլխավոր քարտուղարը նշանակվում է հատուկ կարգով և, ինչպես և ամբողջ մեխանիզմը, վերահսկվում է «եռյակի» կողմից», - ասել է Վարուֆակիսը՝ ընգծելով, որ երբ իմացել է այն մասին, որ նախարարության ծրագրային ապահովումը նույնպես պատկանում է «եռյակին», դիմել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում աշխատող իր ընկերոջը, և միասին որոշել են կոտրել նախարարության կայքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը