Լրահոս

22.07.2015 22:17


Ավարտվել է Վերիշեն համայնքում չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Վերիշեն համայնքում չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական կեղծիք կատարելու, կատարելուն օժանդակելու, դրդելու և պաշտոնական դիրքն օգտագործելով զգալի չափերով յուրացում կատարելու համար:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանը, իր բարեկամին աշխատանքի ընդունելու նախապես տրված խոստումն իրագործելու դրդումներով, աշխատակազմի քարտուղար Ա.Շալունցին կարգադրել և դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք: Ա.Շալունցը Արարատ Օրդյանի քենակալի` ՀՀ-ից բացակայելու պայմաններում կազմել, ստորագրել, կնիքով հաստատել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող հրաման` նրան աշխատանքի ընդունելու մասին:

Բացի այդ, քենակալի փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում գյուղապետն աշխատակազմի առաջատար մասնագետ-հաշվապահ Գ. Զադայանին հանձնարարել է ամենամսյա հաճախումների ցուցակներում հավաստել նրա` իբր աշխատանքի հաճախելու հանգամանքը և չհաճախելու պայմաններում հաշվարկել, կազմել աշխատավարձի վճարային կեղծ տեղեկագրերը, որոնք ստորագրել և կնիքի դրոշմով հաստատել է անձամբ: Գյուղապետի քենակալի անվամբ հաշվառված բանկային պլաստիկ քարտով կանխիկացրել և յուրացրել է իրեն վստահված համայնքի բյուջեից 18 ամիսների ընթացքում հատկացված աշխատավարձի գումարից զգալի չափը:

Նախնական քննությամբ պարզվել է նաև, որ Արարատ Օրդյանը համագյուղացի Արտակ Օրդյանին աշխատակազմի ակումբի վարիչի հաստիքում փաստացի ընդունելու, սակայն ԴԱՀԿ ծառայության կողմից հօգուտ բանկի վարկի գումարը մարելու նպատակով նրա վարձատրության վրա հնարավոր բռնագանձում տարածելը բացառելու համար հանձնարարել է երկու այլ անձանց 2012-2014թթ տարբեր ժամանակահատվածներում հրամանագրել որպես ակումբի վարիչ, որոնց անվամբ հաշվառված բանկային աշխատավարձերը բանկային պլաստիկ քարտի միջոցով կանխիկացրել և ստացել է վարիչի պարտականությունները փաստացի կատարած Արտակ Օրդյանը: Միաժամանակ վերջինս շարունակել է Սոցիալական ծառայությունների Գորիսի տարածքային գործակալությունում հաշվառված մնալ՝ որպես նպաստառու` ստանալով ընտանեկան նպաստ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Սյունիքի մարզի Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Աշխատակազմի քարտուղար Ա.Շալունցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, առաջատար մասնագետ-հաշվապահ Գ.Զադայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (2 դրվագ), Արտակ Օրդյանին`ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը