Լրահոս

21.07.2015 15:35


Մաքսակետի պետի տեղակալը ստացել է շուրջ 5 հազ. 300 ԱՄՆ դոլար կաշառք

Մաքսակետի պետի տեղակալը ստացել է շուրջ 5 հազ. 300 ԱՄՆ դոլար կաշառք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանը, ի պաշտոնե հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դրամի ձևով ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք՝ կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություն կատարելու համար:

Մասնավորապես՝ Արտուշ Ղուլյանը Հովսեփ Ն.-ի և Տիգրան Ա.-ի կողմից «Ամալյա Ադամյան» ԱՁ-ի անվամբ Իտալիայից և Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օծանելիքը մաքսակետում Տիգրան Ա.-ի՝ որպես անհատի անվամբ վերաձևակերպելու, անվանափոխելու և մաքսազերծելու համար 2007 թվականի հոկտեմբերի 14-ին նրանից պահանջել և իր աշխատասենյակում Հովսեփ Ն.-ից ստացել է շուրջ 5 հազ. 300 ԱՄՆ դոլար կաշառք, ինչից հետո նրա հանձնարարությամբ կատարվել են ներմուծվող ապրանքի մաքսային ձևակերպման հետ կապված գործողությունները:

Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ասենք, որ Ա. Ղուլյանը հանցանք կատարելուց հետո 2007 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2015 թվականի ապրիլի 10-ը գտնվել է հետախուզման մեջ: 2015 թվականի ապրիլի 10-ին վերջինս ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանություն:

Մինչդատական վարույթում Ա. Ղուլյանի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Արտուշ Ղուլյանի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը