Լրահոս

20.07.2015 16:35


Պաշտոնատար անձի կողմից արհեստական ապացույց ստեղծելու դեպք

Պաշտոնատար անձի կողմից արհեստական ապացույց ստեղծելու դեպք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, 2015 թվականի մարտի 3-ին հիշյալ բաժնում քննվող քրեական գործով կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող Ա. Գ.-ի բնակարանում խուզարկություն կատարելու ընթացքում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակներից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ:

Մասնավորապես՝ ոստիկանության հիշյալ բաժնի օպերլիազորը կողոպուտը Ա. Գ.-ի կողմից կատարված լինելու հանգամանքը վկայող արհեստական ապացույց ստեղծելու նպատակով՝ խուզարկության ընթացքում բաճկոնից հանել և փորձել է սեղանին աննկատ դնել իր հետ բերված իրը ու հայտնել, որ այն հայտնաբերվել է խուզարկությամբ՝ բնակարանից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձը, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2015 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևանի Չեխովի փողոցում փակելով քաղաքացի Մարիամ Ա.-ի բերանը, վերջինիս ձեռքից բացահայտ հափշտակել է զգալի չափերի «Սամսունգ Գալաքսի Գրանդ 2» մոդելի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ և ամիսներ շարունակ կատարվել նախաքննություն:

Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր նաև, որ հանցագործությունը կատարել է քաղաքացի Ա. Ա.-ն: Վերջինս, սակայն, նախաքննական մարմնին հայտնել է, որ դեպքի օրը` նույն ժամանակահատվածում, ինքը գտնվել է ընկերոջ տարեդարձին և կատարված հանցագործության դեպքի հետ որևէ առնչություն չունի:

Այնուհետև գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՔԾ

Այս խորագրի վերջին նյութերը