Աշխարհ

18.07.2015 21:36


Չինաստանում թևավոր դինոզավրի կմախք են գտել (լուսանկարներ)

Չինաստանում թևավոր դինոզավրի կմախք են գտել (լուսանկարներ)

Էդինբուրգի համալսարանի հնէաբանները Չինաստանի Լյաոնին նահանգում հայտնաբերել են անսովոր դինոզավրի մնացորդներ։ «Вести.ru»-ի փոխանցմամբ՝ գիտնականները կարծում են, որ հայտնաբերված թևավոր փետրապատ դինոզավրը վելոցիրապտորի նախնին է:

2–մետրանոց կմախքը լավ վիճակում է պահպանվել հրաբխային ժայթքումից առաջացած կրաքարի շնորհիվ: Գիտնականների կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ հայտնաբերված դինոզավրը, որը ստացել է «Zhenyuanlong suni»` «Ջենյուանի վիշապ» անվանումը, ուներ թևեր, նա դժվար թե կարողանար թռչել, քանի որ կենդանու քաշը՝ 20 կգ, շատ մեծ է թռչելու համար: Սակայն թևերի առկայությունը կարող է վկայել այն մասին, որ «Ջենյուանի վիշապը» կարող էր թռչել ծառից ծառ կամ վազել թեք մակերեսներով:

Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եկել են այն կարծիքի, որ հայտնաբերված տեսակը պոչի հատվածում և գլխի վրա ունեցել է գունավոր վառ փետուրներ:

«Սա այն բոլոր բրածոներից, որոնց հետ ես աշխատել եմ, ամենագեղեցիկն է: Դիմացից նա ունի կարճ՝ մոտ 35 սմ երկարություն ունեցող վերջույթներ, որոնք պատված են խոշոր փետուրներով: Եվ չնայած այն հանգամանքին, որ հայտնաբերված տեսակը վելոցիրապտորի մոտիկ բարեկամն է, նա ավելի շատ նման է հնդկահավի կամ անգղի», - պատմել է ուսումնասիրության համահեղինակ Սթիվ Բրասաթը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը