Լրահոս

18.07.2015 14:07


Ծակող-կտրող առարկայով ծանր մարմնական վնասվածք է պատճառվել քննիչին

Ծակող-կտրող առարկայով ծանր մարմնական վնասվածք է պատճառվել քննիչին

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ։

2015թ. հուլիսի 18-ին` ժամը 01:40-ին, ծակած-կտրած վերքերով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանը։ Հիվանդանոցից ստացած ահազանգի համաձայն՝ ծակած-կտրած վնասվածքներով նրա հետ բուժօգնության է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ Էդգար Սարգսյանը։

Նախնական տվյալներով՝ Ս.Մանուկյանին և նրա ընկերոջը՝ Էդ.Սարգսյանին, նշված մարմնական վնասվածքները պատճառվել են Ս.Մանուկյանի շենքի բակում։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված տեղեկանքի համաձայն՝ Սուրեն Մանուկյանի վնասվածքները թափանցել են կրծքավանդակի և որովայնի խոռոչներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Բժշկական տեղեկանքի համաձայն՝ Է.Սարգսյանը և Ս.Մանուկյանն ի վիճակի չեն ցուցմունքներ տալու: Քննություն է տարվում՝ պարզելու մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը