Կարծիք

17.07.2015 14:28


1923-1941թթ. Ստալինը չի զբաղեցրել որևէ, նույնիսկ ԺԵԿ-ի պետի պետական պաշտոն

1923-1941թթ. Ստալինը չի զբաղեցրել որևէ, նույնիսկ ԺԵԿ-ի պետի պետական պաշտոն

Պատմական փաստեր՝ առանց մեկնաբանության:
1. 1923-ից մինչեւ 1941-ը Ի. Ստալինը չի զբաղեցրել որեւէ, նույնիսկ ԺԵԿ-ի պետի պետական պաշտոն: Նա իրավականորեն եղել է ԽՍՀՄ շարքային քաղաքացի:
2. 1934-ից 1952-ը Ի. Ստալինը հրաժարվում է Կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այդ պաշտոնն ընդհանրապես վերացվում է, եւ դրա փոխարեն կուսակցությունը ձեւականորեն ղեկավարվել է կոլեգիալ սկզբունքով՝ Ի. Ստալինը 1934-1952 թթ.-ին եղել է Կոմկուսի մի քանի քարտուղարներից մեկը, ընդամենը մեկը՝ առանց գլխավոր կամ առաջին մակդիրի:
3. Նույն այդ ընթացքում ՍՍՀմ սահմանդրության մեջ դեռ պաշտոնապես չկար ամրագրված Կոմուսի ղեկավարող դերը:
4. 1936-ին նդունվում է ՍՍՀՄ նոր սահմանադրությունը, որում, ի տարբերություն հնի, վերանում են ժողովրդավարության, հատկապես ընտրության իրավունքի սահմանափակումները: Այդ Սահմանադրությունն իրավամբ կոչվում էր ամենադեմոկրատականն աշխարհում, եւ հաստատ ավելի դեմոկրատական էր, քան ԽՍՀՄ նախկին հիմնական օրենքը:
5. 1937-38 շարքային քաղաքացի եւ իրավականորեն պետության հետ որեւէ կապ չունեցող Կոմկուսի կոլեգիալ ղեկավարության շարքային անդամ Ի. Ստալինի ղեկավարությամբ իրականացվում է պետական եւ կուսակցական վերնախավի մեծ զտում: Զտվում է հատկապես Կոմկուսի վերնախավի մեծամասնությունը: Ժողովրդական զանգվածների զգալի մասն անկեղծորեն ողջունում են սովետական օլիգարխիայի այս ջարդը:
6. ՍՍՀՄ-ում հաստատվում է փաստացի միապետություն, բայց իրավականորեն պետությունը մնում է պառլամենտական հանրապետություն, իսկ փաստացի իշխող կուսակցությունը կոլեգիալ ղեկավարմամբ կազմակերպություն, որի իշխող դերն իրավականորեն որեւէ կերպ ամրագրված չէր:

***
Հայաստանում, ինչպես եւ ցանկացած երկրում, ուր չկա եւ առարկայորեն չի կարող լինել կայացած բազմակուսակցական համակարգ, ուր հասարակության լայն շերտերը զուրկ են նույնիսկ համեմատական տնտեսական ազատությունից, խորհդարանական հանրապետության հռչակումը թղթի վրա անհրաժեշտորե՛ն հավասարազոր է քաղաքական բացարձակ մենատիրության, «միապետության», լավագույն դեպքում՝ միակուսակցականության փաստացի հռչակմանը: Այլ տարբերակ պարզապես գոյություն չունի, որովհետեւ խորհդարանական կառավարումը ենթադրում է հասարակության զարգացման միանգամայն այլ աստիճան, քան Հայաստանում է. անհրաժեշտ է, որ հասարակության մեջ լինեն մի քանի համեմատաբար ինքնավար խմբեր, որոնք կարողանան ձեւակերպել իրենց շահերը, կազմակերպվել որպես կայուն եւ անկախ քաղաքական միավորներ, եւ մրցեն միմյանց հետ: Եթե դա չկա, եթե ռեսուրսը կենտրոնացած է միայն շատ նեղ խմբի մեջ, ապա հասարակությունը ստիպված իր հույսը կապում է ոչ այնքան կազմակերպությունների, որքան հզոր անհատների հետ: Այս իմաստով նախագահական համակարգը, որի կենտրոնում նախագահական ընտրություններն են, որոշակի անկայունություն ու անկանխատեսելիություն է մտցնում՝ խանգարելով բացարձակ մենաշնորհի կայացմանը, որովհետեւ, երբ մեծ դեր է սկսում կատարել անհատական գործոնը, ապա շատ օրիանաչափություններ եւ անհարեժշտություններ դադարում են գործել, ազատ հնարավորությունների դաշտն ավելանում է: Նույնիսկ եթե համակարգը հաջողության է հասնում անհատի նկատմամբ, նա ստիպված է լինում որոշ զիջումների գնալ, փոխվել: Չխոսելով խորհդարանական համակարգի այլ թեական կողմերի շուրջ՝ հենց մենակ այսքանը բավական է՝ հասկանալու համար, որ տեղի ունեցողը համակարգային հեղաշրջման փորձ է, այլ ոչ թե սոսկ վերարտադրման ծրագիր:
***
Ասում են, թե սահմանադրական փոփոխություններով իշխանությունը ցանկանում է «վերարտադրվել»: Սա իրականում սխալ ձեւակերպում է, որովհետեւ անկախ ամենից՝ «իշխանությունը», որպես իշխող խումբ, որպես համակարգ, Հայաստանում միշտ էլ այս կամ այն կերպ «վերարտադրվել է», այսինքն՝ երբեք էլ ընդդիմությունը իշխանություն չի դարձել Հայաստանում. կամ ներքին հեղաշրջմամբ կամ էլ «ժառանգորդ» գործողությամբ «վերարտադրվել է» իշխող խմբի այս կամ այն հատվածը: Խնրի ճիշտ ձեւակերպումն, ուրեմն, ոչ թե «վերարտադրումն է», այլ փաստացի պետական հեղաշրջումը: Մանրամասն էս պահին չեմ կարող փաստարկել, բայց՝
1. առանց որեւէ լուրջ հիմնավորման՝ վերաձեւակերպվում է ՀՀ սահմանադրական կարգը,
2. է՛լ ավելի ուշագրավ է այն, որ վերաձեւակերպվում է նաեւ տարիներով կայացած փաստացի պետական կարգը: Մենք դրան տարբեր անվանումներ ենք տվել, բայց դրա էությունը եղել է որոշակի բազմակենտրոնությունը, ուժերի հավասարակշռությունը. Հայաստանում, ի տարբերություն, ասենք, ալիեւյան կամ այլ հետսովետական համակարգերի, չի եղել միայն մե՛կ անձի, մե՛կ քաղաքական խմբավորման, մե՛կ կլանի բացարձակ մենաշնորհ: Թեկուզ նեղ շրջանակներում, բայց գործել է որոշակի կոմպրոմիսային համակարգ: Այս համեմատական բազմակենտրոնությունն ավելի ճկուն է դարձրել համակարգը, եւ հասարակությունը կարողացել է սրա շնորհիվ մի փոքր ավելի ազատ լինել: Հեղաշրջման իմաստն այս համեմատական բազմակենտրոնությունից դեպի բացարձակ մենաշնորհային համակարգ անցնելն է:
3. Այս համակարգը միակուսակցական անվանելն էլ է սխալ: Ձեւականորեն այն կարող է այդպիսին լինել: Իրականում անխուսափելի են հեղաշրջմանը հետեւած լուրջ վերնախավային զտումները, եւ նույնիսկ ՀՀԿ-ից զգալի հավանականությամբ կարող է մնալ միայն անունը: Հին, քյարթ «հանրապետականը» պետք է ջարդվի, որովհետեւ դա մի կողմից դեռ ինչ–որ հուշեր ունի Հանրապետականի քաղաքական անցյալի մասին, մյուս կողմից էլ կապված է «օլիգարխիայի», այսինքն՝ տնտեսական եւ քաղաքական համեմատական բազմակենտրոնության, որոշակի կոմպրոմիսի, բալանսի հետ: Պետք է ստեղծվի էությամբ նոր իշխող կուսակցություն, որը չի ունենա քաղաքական անցյալ եւ տնտեսաապես համեմատաբար անկախ անհատներ՝ Ենի Էրմենիստան՝ թեկուզ եւ պահելով ՀՀԿ անունը:
4. Հայաստանում տեղի է ունենում տիպաբանորեն նույնը, ինչ ԽՍՀՄ-ում 1936-ին, երբ անցում կատարվեց սովետական «օլիգարխիայից» դեպի սովետական «միապետություն», կամ նույնը, ինչ Հռոմում մեր թվարկության սկզբում, երբ նույնպես անցում կատարվեց Հռոմեական հանրապետության «օլիգարխիայից» դեպի կայսրության «միապետություն»: Երկու անցումներն էլ կատարվեցին «նոր՝ ավելի ժողովրդավար Սահմանադրության» կամ «վերադարձ հանրապետական կարգերին» կարգախոսների տակ:
5. Ավելի սեղմ ասած՝ եթե ցայսօր Սերժ Սարգսյանն իշխում էր, որովհետեւ նա՛ էր համակարգի թեկնածուն, ապա այսօր «խորամանակ պլանի» էությունն այն է, որ Սերժ Սարգսյանը համակարգից վեր դառնա, եւ իշխի ինքն իրենով:
Կներեք, որ էսքան երկար գրեցի, բայց ոնց որ թե որոշ ճշտումներ անհարժեշտ էին:
Հրանտ Տեր–Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը