Քաղաքական

16.07.2015 16:27


Փայլակ Հայրապետյանը պահանջեց դատարան հրավիրել Կճոյանին, նախկին վարչապետին, նախկին նախարարներին ու բանկերի պաշտոնյաներին

Փայլակ Հայրապետյանը պահանջեց դատարան հրավիրել Կճոյանին, նախկին վարչապետին, նախկին նախարարներին ու բանկերի պաշտոնյաներին
Աղմկահարույց օֆշորի գործով դատաքննությունն այսօր սկսվեց վկաների բացակայությամբ, քանի որ կողմերը չառարկեցին, նրանց բացակայությամբ նիստը շարունակելու և նախորդ նիստում ընդհատված տուժողների հարցաքննությունը շարունակելու դեմ: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն։
Շարունակելով նախորդ նիստում կիսատ մնացած իր պատմությունը՝ Փայլակ Հայրապետյանը նշեց, որ բացի ադամանդի վերամշակման արտադրամասից՝ ինքը նույն հասցեում հիմնել է նաև գորգագործության արտադրամաս, որի իրականացման համար պետք է ծախսվեին իր ունեցվածքի գրավադրման դիմաց ստացված վարկային միջոցներից: Բայց այդ գումարներից «ոչ մի կոպեկ չի ծախսվել իր ներկայացրած բիզնես ծրագրի իրականացման վրա»:
«Մի բանկից մյուսն են փոխանցել, այնտեղից՝ մի ուրիշ բանկ, հետո փոխանցվել է Երևան, այստեղ ոսկիներ են առել, ադամանդներ, փոխանցել են օֆշորային գոտի»,- ասաց գործարարը՝ հավելելով, որ, իր համոզմամբ, այդ ամենն արվել է «դիտավորյալ»:
Իր խոսքում գործարարը նաև փորձեց դատարանին միջնորդություն ներկայացնել՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին դատակոչելու վերաբերյալ, սակայն դատավորը միջամտեց՝ առաջարկելով, որպեսզի միջնորդություններն այսուհետ ներկայացնեն փաստաբանները:
Այնուհետև դատավորն ընթերցեց Հայրապետյանի նախապես ներկայացրած գրավոր միջնորդությունը, որով առաջարկվում էր դատարան հրավիրել Տիգրան Սարգսյանին, Նավասարդ արք. Կճոյանին, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանին, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի կնոջը, հաշվապահին, «Ամերիաբանկ»-ի և «Արմսվիսբանկ»-ի մի շարք պաշտոնատար աշխատակիցների, Բելառուսի քաղաքացի, գործով անցնող Տրիկոզյուկին, ինչպես նաև՝ Ազգային անվտանգության կոմիտեի տնօրենին:
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը