Լրահոս

16.07.2015 14:59


Ծանր հանցագործության դեպքով գործն ուղարկվել է ՀՔԾ

Ծանր հանցագործության դեպքով գործն ուղարկվել է ՀՔԾ

Քաղաքացի Սամվել Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 28-ն աշխատելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության պահաբաժնի անտառապահ և օժտված լինելով իր վստահությանը հանձնված անտառային ֆոնդի պահպանման, անտառխախտումների հայտնաբերման և արձանագրման լիազորություններով, 2014 թվականի մայիս ամսից մինչև օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, նույն անտառպետության անտառապետ Գիգուշ Դ.-ի կարգադրությամբ թույլատրել է Սամվել Ս.-ին ապօրինի հատել շուրջ 105 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառեր և ծառերի փայտանյութը տեղափոխել բեռնատար ավտոմեքենայով:

Միաժամանակ, Սամվել Մ.-ն նշել է, որ հիշյալ ապօրինի ծառահատումները թաքցնելու նպատակով իր մոտ գտնվող դրոշմակնիքով կնքել է հատված ծառերի կոճղերը, իսկ փայտանյութի յուրաքանչյուր խմբաքանակի սպառման դիմաց անտառապետ Գիգուշ Դ.-ն որպես կաշառք Սամվել Ս.-ից պահանջել և ստացել է 260 հազ. ՀՀ դրամ:

Բացի այդ, Սամվել Ս.-ն ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ ՊՈԱԿ-ի անտառային ֆոնդում բազմաթիվ ծառեր ապօրինի հատելու և ծառերի փայտանյութը իրենը դարձնելու համար անտառապետ Գիգուշ Դ.-ի պահանջով 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին վերջինիս տվել է 650 հազ. ՀՀ դրամից 800 հազ. ՀՀ դրամ կաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 296-րդ հոդվածների 1-ին մասերով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում Սամվել Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով, Գիգուշ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Սամվել Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով:

Այնուհետև գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը