2 օր առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցի 17 շենքի 14 բնակարանում հայտնաբերվել էր ՌԴ քաղաքացի, 46-ամյա Համլետ Ասատրյանի դին` արնաշաղախ վիճակում և պարանոցին հրազենային վնասվածքներով:
Դեպքից հետո ՀՀ ՔԿ տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «դեպքի վայրի զննությամբ տան ննջասենյակի պահարանի միջից հայտնաբերվել է 10 սմ երկարությամբ սև գույնի ատրճանակ»:
Միաժամանակ, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, տանտերը սպանության ժամանակ եղել է տնային հագուստով, իսկ դիակը հայտնաբերվել է նախասրահում, ինչը, թերևս, վկայում է, որ նա անձամբ է բացել դուռը, թերևս ճանաչել է հյուրերին։ Համենայնդեպս, կասկածելի բան նկատելու դեպքում, կարծում ենք, կվերցներ ննջարանի պահարանի ատրճանակը։
Կայքի տեղեկություններով՝ սպանվածի վրա երկու տարբեր ինքնաձիգներից են կրակել: Իսկ տարօրինակն այն է, որ բնակարանում ոչ մի պարկուճ չի հայտնաբերվել: Իսկ սա արդեն վկայում է այն մասին, որ մարդասպանները չեն շտապել լքել հանցագործության վայրը, և այնքան արհեստավարժ են եղել, որ հավաքել են հանցագործության ապացույցներն ու տարել իրենց հետ:
Նշենք, որ, ըստ մամուլի, քաղաքացի, 46-ամյա Համլետ Ասատրյանը Հայաստան էր եկել մի քանի օր առաջ՝ հուլիսի 9-ին` հանգստանալու նպատակով:
Նա բնակվում էր Ռոստովի մարզի Ազով քաղաքում՝ կնոջ և երեխաների հետ:
Նոր մանրամասներ ՌԴ քաղաքացու սպանությունից