Տնտեսական

14.07.2015 12:30


Նաիրիտցիներին առաջարկում են հրաժարվել տույժ–տուգանքներից

Նաիրիտցիներին առաջարկում են հրաժարվել տույժ–տուգանքներից

«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն իր մոտ է կանչել գործարանի ղեկավարությանը՝ քննարկելու աշխատավարձերի մարմանն առնչվող որոշ հարցեր:

Հիշեցնենք՝ վաղը՝ հուլիսի 15–ին, լրանում է նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերի մարման վերաբերյալ իշխանությունների տված վերջնաժամկետը։

Սաղաթելյանն աշխատակիցներին է փոխանցել Կառավարության առաջարկը՝ մեկ–մեկ ներկայանալ և ստորագրել, որ հրաժարվում են աշխատավարձերի չվճարման պատճառով առաջացած տույժ-տուգանքներից, և միայն մայր գումարն են ուզում։ Սակայն «7օր»–ի հետ զրույցում գործարանի նախկին աշխատակիցները մտավախություն հայտնեցին, որ Կառավարությունն այդկերպ միայն ժամանակ է ձգում։

–Թող նախապես ասեին, ոչ թե խոստացած օրվա նախաշեմին։ Մոտ երկու հազար աշխատող մինչև հասցնի մեկ–մեկ ներկայանալ, օրեր կանցնեն,–ասել է «Նաիրիտի» նախկին օպերատորներից մեկը։

Տեղեկացանք նաև, որ Սաղաթելյանը դիմելու է Կառավարությանը՝ աշխատողների մոտ կասկածներ չառաջանալու համար նախապես փոխանցել մայր գումարի գոնե 20%–ը։

Մի հարցում նաիրիտցիները միակարծիք են՝ հուլիսի 15–ին պարտքերը չմարելու դեպքում հաջորդ իսկ օրը վերսկսելու են բողոքի գործողությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը