Մեկնաբանություն

14.07.2015 12:10


«Բարեշրջումների» վերջին հանգրվանը՝ դեֆոլտ

«Բարեշրջումների» վերջին հանգրվանը՝ դեֆոլտ

Սերժ և Տիգրան Սարգսյանների նախաձեռնած տնտեսական «բարեշրջումների» արդյունքները բացասական են՝ տնտեսական անկման միջազգային ռեկորդ, ներդրումների կտրուկ նվազեցում, աղքատության աճ, կապիտալի արտահոսք, բիզնես միջավայրի վատացում, արտաքին պարտքի աճ։ Հետևանքը վտանգավոր չափերի հասնող արտագաղթն է՝ վերջին 7 տարվա ընթացքում շուրջ 300.000 ՀՀ քաղաքացի է համալրել «Հայկական աշխարհը»։

Իշխանությունները փորձում են այդ ամենը բացատրել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, ՌԴ–ում տիրող իրավիճակով և այլ արտաքին ու նաև՝ ներքին (դեմագոգիան հետևյալ կոդերով է՝ «Չար օլիգարխները չեն թողնում, որ Սերժ Սարգսյանն աշխատի», «Սերժն ի՞նչ մեղավոր է. ինքը Քոչարյանից վատ ժառանգություն է ստացել» և այլն) գործոններով, բայց դա չի համապատասխանում իրականությանը, քանզի տնտեսական անկման հիմնական պատճառները գտնվում են ներսում։

Երբ խնդիր դրվեց սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում իրականացնել ու «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել, արդեն պարզ էր, որ ունենալու ենք ողբերգական պատկեր։

Ճիշտ է, արտաքին գործոնները (պղնձի և մոլիբդենի գների անկում, նավթի գների անկմամբ պայմանավորված՝ ՌԴ–ում տնտեսական վիճակի վատացում, ու որպես հետևանք՝ ՌԴ–ում աշխատող ՀՀ քաղաքացիների կողմից ուղարկվող մասնավոր տրանսֆերների ծավալի կրճատում) որոշակի չափով ազդել են ՀՀ տնտեսության վրա, բայց դրանք որոշիչ չեն եղել։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դոլարային մուտքերի պակասը ՀՀ իշխանությունները լրացրել են արտաքին հսկայական չափերի պարտք վերցնելով։ Ասել է թե՝ զուտ փողի դեֆիցիտի խնդիր Հայաստանը չի ունեցել։ Այլ հարց է, որ վարկերը, մեղմ ասած, անարդյունավետ են օգտագործվել։ Դրանք չեն ծառայել տնտեսության զարգացմանը։

Տիգրան Սարգսյանի կառավարությունը եռապատկեց արտաքին պարտքի չափը՝ այդ ընթացքում հաջողացնելով տնտեսական հետընթացի «տպավորիչ» ցուցանիշներ ապահովել։

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, ըստ էության, շարունակում է նույն գիծը՝ պարտքային բեռը շարունակաբար ավելացնելով թանկ տոկոսով վերցված եվրաբոնդերի միջոցով։ Եթե տիգրանսարգսյանական շրջանին բնորոշ նյուվասյուկիստական ապուշությունները հանենք, ապա կարելի է ասել, որ Աբրահամյանը նույն կուրսն է շարունակում, հետևաբար խնդիրները շարունակում են խորանալ։ Գործող վարչապետը միգուցե փորձում է ինչ–որ բան անել վիճակը շտկելու համար, բայց նախ մակրոպատկերացումներ ու թիմ չունի, և բացի այդ՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ դա նրան չի հաջողվում, ու Սերժ Սարգսյանի զգոն հայացքի ներքո՝ դժվար էլ հաջողվի։

Ի դեպ, օրերս «The Guardian»–ն անդրադարձել էր տնտեսական ու, մասնավորապես, պարտքային խնդիրներ ունեցող երկրներին։ Դրանց թվում էր հայտնվել նաև Հայաստանը, որը գնահատվում է որպես պարտքային ճգնաժամի առաջ կանգնած պետություն։

Դեֆոլտը, փաստորեն, դառնում է «բարեշրջումների» վերջին հանգրվանը։

Արտաքին ու ներքին քաղաքականությունը տապալած և աստվածապաշտություն խաղացող մարդկանցից այլ բան չէր էլ սպասվում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը