Լրահոս

11.11.2009 16:51


«Ժառանգություն» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը արտահերթ հարցի տեսքով կքննարկվի ԱԺ նոյեմբերի 17-ի նիստում

Այսօր Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի  արցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերից մեկը Անահիտ Բախշյանի եւ Արմեն Մարտիոսյանի հեղինակած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն էր: Այն շրջանառության մեջ էր դրվել 2009թ. փետրվարի 17-ին, իսկ Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում դրա ընդրգումը մինչեւ 90 եւ 30 օրերով հետաձգվել էր՝ համապատասխանաբար ապրիլի 6-ին եւ սեպտեմբերի 15-ին: Օրինագծով Բախշյանը եւ Մարտիրոսյանը առաջարկում են ուժը կորցրած ճանաչել □Հեռուտատեսության եւ ռադիոյի  մասին□ Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 14-րդ մասը (2008թ սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ), որով մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում: Իսկ այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողու­թյան ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի   հունվարի 21-ը, կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել ՀՌԱՀ, եւ այդ ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավել, քան մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը: Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ օրինագծի հեղինակները մասնավորապես նպատակ են համարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածով պաշտպանվող արտահայտվելու եւ տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովումը: Այն պայմանավորված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հեռուստահաղորդումների ազատ ընտրության, արտադրության եւ տարածման իրավունքի իրացման երաշխիքների ապահովման անհարաժեշտությամբ: Հեղինակների կարծիքով' առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի ցուցաբերել պետական հոգածություն եւ դրսեւորել քաղաքական կամք' ընդառաջ գնալու, ինչպես վերոնշյալ օրենքի կիրարկմանը, այնպես էլ ապահովելու ԵԽԽՎ 1643 բանաձեւի՝ 10.2-րդ եւ 1677 բանաձեւի՝ 12-րդ կետերի պահանջների կատարումը, համաձայն որի' իշխանությունները չպետք է օգտագործեն թվային հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ձեռք բերումը' որպես հեռարձակման ազատ, արդար ու թափանցիկ մրցույթների անցկացումը սահմանափակելու կամ հետաձգելու պատճառ: Նրանք նաեւ գտնում են, որ այս օրենքի ընդունմամբ իշխանությունները կնպաստեն ազատ խոսքի, բազմակարծության կայացմանը, ինչպես նաեւ հասարակություն-իշխանություն փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

Անահիտ Բախշյանի ու Արմեն Մարտիրոսյանի հեղինակած այդ օրինագծի քննարկումը նախկինում գլխադասային հանձնաժողովում երկու անգամ հետաձգվել էր կառավարության ներկայացուցչի առաջարկությամբ եւ աշնանը թվային հեռարձակման հայեցակարգ ներկայացնելու պատճառաբանությամբ: Խոստացված ժամկետների խախտմամբ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել այդ հայեցակարգը եւ այն չի ներկայացվել ոչ հանրությանը, ոչ ԱԺ-ին: Անահիտ Բախշյանը հրաժարվեց հերթական անգամ հետաձգել օրինագծի քննարկումը եւ առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին' այն ԱԺ նստաշրջանի եւ նոյեմբերի 16-19 քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար, ինչը մերժվեց հանձնաժողովի քվեարկությամբ. 2 կողմ («Ժառանգություն»-ից Անահիտ Բախշյանը եւ ՀՅԴ-ից' ԼիլիԹ Գալստյանը), 3 դեմ (ՀՀԿ-ից' Արտակ Դավթյան, Կարինե Աճեմյան, ՕԵԿ-ից' Հեղինե Բիշարյան) օրինագիծը դրական եզրակացություն չստացավ:

Գլխադասային հանձնաժողովի նիստից հետո «Ժառանգություն» խմբակցությունը, նախաձեռնության հեղինակ պատգամավորների համաձայնությամբ, իր նիստում հիշյալ օրինագիծն արտահերթ համարեց' որոշումն ուղարկելով ԱԺ նախագահին: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 104.2-րդ հոդվածի համաձայն' «օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է հեղինակի համաձայնությամբ ընդդիմադիր խմբակցության որոշմամբ համարվել արտահերթ, եթե այդ նախագիծը շրջանառության մեջ է, եւ դրա վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ստացվել է, կամ դրա ստացման ժամկետը սպառվել է: Oրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ համարելու մասին ընդդիմադիր խմբակցության որոշումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում ոչ ուշ, քան առաջիկա չորսօրյա նիստերին նախորդող ուրբաթ օրվա ժամը 17.00-ն»: Իսկ նույն օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ «հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ չորսօրյա նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ նիստում նույն օրենքի 104.2-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի կամ Ազգային ժողովի որոշման մեկ նախագիծ»: Այսպիսով, պատգամնավորներ Ա.Բախշյանի եւ Ա.Մարտիրոսյանի' գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը չստացած օրենսդրական նախաձեռնությունը օրենքի ուժով կներառվի նոյեմբերի 16-19-ի քառօրյա նիստերի օրակարգում եւ արտահերթ կքննարկվի նոյեմբերի 17-ի երկրորդ նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը