Քաղաքական

09.07.2015 15:49


Փայլակ Հայրապետյան. «Վստահում էի, որովհետև մեջտեղը վարչապետ կար, Կճոյան կար»

Փայլակ Հայրապետյան. «Վստահում էի, որովհետև մեջտեղը վարչապետ կար, Կճոյան կար»

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է «օֆշորային սկանդալի գործով» դատաքննությունը:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Իսկ տուժող Փայլակ Հայրապետյանն իր ցուցմունքում պատմել է, որ Աշոտ Սուքիասյանին առաջին անգամ տեսել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանի և նախարար Ներսես Երիցյանի հետ։ Սուքիասյանը ցույց է տվել ադամանդի հումքը, բոլորը հավանել են, ուրախացել, որ այսպիսի նմուշներ կան: Անգամ Փայլակ Հայրապետյանը նրանց բոլորին հրավիրել է Սևան՝ խնջույքի։

–Կերանք, խմեցինք, բոլորը խմում էին Աշոտի կենացը, ասում էին՝ Աշոտը կփրկի Հայաստանն այդ վիճակից: Ասեցին՝ 10 հազար աշխատատեղ կբացվի, ես էլ ասեցի, որ դրա համար պատրաստ եմ ունեցվածքս դնել, որ Հայաստանը ծաղկի,–պատմել է Փայլակ Հայրապետյանը։

Նա նաև ավելացրել է, որ սկզբում բանկը հրաժարվել է վարկ տրամադրել, բայց 5 օր անց Աշոտ Սուքիասյանը զանգահարել է իրեն և ասել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ գտնվում է «Ամերիա» բանկում, և 6 հազար դոլար տվել են բիզնես ծրագրի համար։

Դրանից հետո անցել է 3 ամիս, սակայն ապրանքը չի եկել, ինչպես խոստացել էր Աշոտ Սուքիասյանը։

–Ստիպված վեր կացա, գնացի Աֆրիկա, հայհոյեցի, ասեցի՝ Աշո՛տ, այ խուլիգան, ինչի՞ չի գալիս ապրանքը: Ասեց՝ տեխնիկան դեռ տեղ չի հասել. մինչև Հարավային Աֆրիկայից հասնի, 2–3 ամիս կանցնի: Էդ պահին զգացի, որ խաբված եմ։ Դրանից հետո շուտ–շուտ գնում էի իրանց տուն, հարցնում՝ ի՞նչ եղավ: Վստահում էի, որովհետև մեջտեղը վարչապետ կար, Կճոյան կար, սրբություններ կային։ Մտնում էինք Աշոտենց տուն, պիտի մոմ վառեինք, խաչ համբուրեինք: Իրան սրբի տեղ էր դրել, սրբի գրքեր էր բաժանում, էդ տարբերակով էլ ինձ խաբեց։ Ինչքան գնում էի, Կճոյանն Աշոտենց տանն էր, առանց զանգելու էլ գնում էի, էլի «սուրբն» էնտեղ էր, ասում էր ինձ՝ ամեն ինչ լավ կլինի: Հետո Կճոյանին ու Սուքիասյանին ճանապերհեցի Եվրոպա, բայց նորից ձգձգվեց։ Հետո էլի զանգեցի, ասեց՝ ինձ ոչ մի բան չունի տալու,–հավելել է Փ. Հայրապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը