Մեկնաբանություն

09.07.2015 09:25


Քաղաքականության սուբյեկտն ու օբյեկտը

Քաղաքականության սուբյեկտն ու օբյեկտը

Մարդը քաղաքական կենդանի է։ Նա կարող է քաղաքականության մեջ լինել սուբյեկտ (որոշում կայացնող, այդ որոշումն այլոց պարտադրող, ինքնուրույն և անկախ) կամ օբյեկտ (որոշման ենթարկվող, ազդեցության տակ ընկնող)։

Երբ առաջ է քաշվում «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսն, ու միաժամանակ հայտարարվում, որ պայքարը չի քաղաքականացվելու, առաջանում է լուրջ հակասություն։ Եթե երկրի տերը դու ես, ապա դառնում ես քաղաքականության սուբյեկտ՝ որոշում կայացնող։ Հետևաբար, առնվազն անգրագիտություն է հայտարարել երկրի տերը լինելու մասին ու, միևնույն ժամանակ, երդվել, որ չես քաղաքականացվելու։ Բա ինչպե՞ս ես տեր կանգնելու երկրին, եթե որոշում կայացնող չես։ Հորիզոնակա՞ն դիրքում, թե՞ ցանցային ձևով։

Երբ Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելն իրենց քաղաքական դիրքորոշումն են հայտնում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի մասին՝ դրանով իսկ Բաղրամյան պողոտան դարձնելով աշխարհաքաղաքական կետ, մի քիչ ծիծաղելի է հայտարարելը, թե դու, միևնույն է, չես քաղաքականացվելու։ Ավելին, չքաղաքականացվելու մասին անընդհատ հնչեցվող հայտարարությունները դառնում են մաքուր քաղաքական, քանզի ցույց են տալիս քաղաքականության սուբյկետ հանդիսացող տիկնիկավարների ցանկությունները, ծրագրերը և տեխնոլոգիական «կրեաԾիվ» մոտեցումները։

Այսպես կոչված քաղաքացիական պայքարը նույնպես քաղաքական է, եթե այն առնչվում է այնպիսի հարցի, որը համապետական նշանակություն ունի։ Էլեկտրաէներգիայի սակագնի հարցը, կենսաթոշակային համակարգը, հարկերի չափը, գազի գինը.... սրանք բոլորը քաղաքական հարթության մեջ են, որովհետև մակրոազդեցություն ունեն, և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների շահերին։

Հայաստանում քաղաքական հարցերը չքաղաքականացնելու մասին սիրում են հայտարարել իշխանությունները։ Սրանք անգամ ընտրությունները չեն ուզում քաղաքական հարթության մեջ դիտարկել։ Հիշո՞ւմ եք ՀՀԿ–ականների այն անհեթեթ պնդումները, թե Երևանի ավագանու (անուղղակիորեն՝ նաև Երևանի քաղաքապետի) ընտրությունները պետք չէ քաղաքականացնել։

Բաղրամյան 26–ում չեն սիրում քաղաքական գործընթացները քաղաքական հարթության մեջ դիտարկել, քանզի Սերժ Սարգսյանից բացի՝ այլ մարդու չեն ուզում տեսնել քաղաքական սուբյեկտի դերում։ Ու եթե «առաջադեմ երիտասարդությունն» էլ է ընդունում այդ խաղի կանոնը, ապա դա արդեն ոչ թե առաջադեմ, այլ նեոկոմսոմոլ երիտասարդություն է, որը շատ ավելի վատն է, քան կարենավագյանները և բոլոր տիպի աշոտյանները՝ միասին վերցրած, քանի որ արտաքուստ վարկաբեկված չլինելով՝ կարող է որոշ ժամանակով (օրինակ՝ մինչև հունիսի 28–ին բեմադրված «Օպերա» օպերացիան) շահել հանրության համակրանքը և հետագայում գեղամյանություն անել։

Աշոտյանն էլ փորձեց «չքաղաքականացվել», դառնալ «առաջադեմ երիտասարդ» և մյուս «կենդանիների» հետ «պատ» կազմել, բայց անհարմար բան ստացվեց։ Շոուի սուբյեկտից նրան անմիջապես դարձրեցին օբյեկտ ու սիկտիր արեցին։ Խիարը թարս բուսնեց։

Նույն վերաբերմունքին պետք է արժանացնել բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս քաղաքական հարցերը չքաղաքականացնելու սերժահաճո կոդերով։

Քաղաքականության մեջ կա՛մ սուբյեկտ ես, կա՛մ օբյեկտ։ Ամեն մեկն ինքն է ընտրում իր կարգավիճակը։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը