Աշխարհ

08.07.2015 21:15


Մարոկկոյում 2 կնոջ են դատում կարճ կիսաշրջազգեստի համար

Մարոկկոյում 2 կնոջ են դատում կարճ կիսաշրջազգեստի համար

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Մարոկկոյում: «Вести .ru»-ի փոխանցմամբ՝ 23-ամյա և 29-ամյա կանանց սպառնում է 2 տարվա ազատազրկում շուկա գնալուց կարճ կիսաշրջազգեստներ հագնելու պատճառով:

Կանանց դեմ դատական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ շուկայի 2 այցելուները դիմել են դատարան՝ հայտնելով, որ նրանք լկտի պահվածք են դրսևորել հասարակական վայրում: Վաճառողներն ու գնորդները շրջապատել են կանանց և բարձրաձայն դատապարտել նրանց տեսքը, ինչից հետո դիմել են ոստիկանություն:

Նշվում է, որ կարճ կիսաշրջազգեստ կրելու օրինականության մասին բանավեճը հասել է խորհրդարանական մակարդակի: Քվեարկության ընթացքում Մարոկկոյի երկու խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները բանաձև են ընդունել, որով դատապարտում են կանանց ձերբակալումը. դա, ըստ պատգամավորների, կարող է նպաստել հասարակության մեջ ծայրահեղական տրամադրությունների աճին, իսկ վաճառողների և գնորդների վարքագիծը փաստաթղթում անվանվել է «ահաբեկչության տեսակ»:

Կանանց դեմ ընթացող դատական գործը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում: Տասնյակ մարդիկ դուրս են եկել փողոց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանց։ Բացի այդ, համացանցում խնդրագիր է հայտնվել, որը պահանջում է ազատ արձակել կանանց և դադարեցնել քրեական հետապնդումը: Խնդրագրի հեղինակները հիշեցնում են, որ կանանց և տղամարդկանց հավասարությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ, որը նաև երաշխավորում է երկրի բնակչության անվտանգությունն ու արժանապատվությունը: Ներկայումս խնդրագիրը ստորագրել է մոտ 25 հազ մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը