Լրահոս

04.07.2015 20:20


Ավազակային հարձակում Նոր-Արեշում. որոնվում է լուսանկարներում պատկերված անձը (լուսանկարներ)

Ավազակային հարձակում Նոր-Արեշում. որոնվում է լուսանկարներում պատկերված անձը (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ Նոր-Արեշ փողոցի տներից մեկի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում իրականացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, առերևույթ հանցագործություն կատարած անձը 2015թ մայիսի 7-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ներկայանալով որպես «գազի գրասենյակի աշխատակից», մուտք է գործել Նոր-Արեշի տներից մեկը և ձևացրել, թե ստուգում է գազի խողովակների անվտանգությունը, որի ընթացքում ատրճանակի նմանվող առարկայով բռնություն գործադրելու սպառնալիքով փորձել է հափշտակություն կատարել։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով. բնակչուհին աղմկել է և օգնություն կանչել, ինչի պատճառով բնակարան մուտք գործած անձը դիմել է փախուստի։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել է հարակից տան մոտ տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, որը ենթարկվել է զննության՝ բնակչուհու մասնակցությամբ։ Վերջինս հայտարարել է, որ տեսագրության մեջ պատկերված անձն այն տղամարդն է, ով ավազակային հարձակում է կատարել իր վրա։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին


Այս խորագրի վերջին նյութերը