Լրահոս

04.07.2015 19:21


Բաղրամյան պողոտայի նստացույցը. կսկսվի «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան (ուղիղ միացում, լրացված)

Բաղրամյան պողոտայի նստացույցը. կսկսվի «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան (ուղիղ միացում, լրացված)

Այսօր ևս Բաղրամյան պողոտայում շարունակվում է բողոքի անժամկետ նստացույցը։

Հիշեցնենք, որ պահանջները երեքն են՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում, գործող սակագնի նվազեցման դիտարկում, պատժել ցուցարարների և լրագրողների հանդեպ բռնի ուժ կիրառած ոստիկաններին։
Նշենք նաև, որ այսօր՝ 21:00–ին, հրապարակվելու է շարժման համակարգող խմբի ընդունած որոշումը, և ժողովրդի հավանությունը ստանալուց հետո «անցնելու են վճռական քայլերի»: Թե կոնկրետ որոնք են այդ քայլերը, մինչ նշված ժամը համակարգող խումբը հրաժարվում է հրապարակել։
***
Բաղրամյան պողոտայում կենդանի կատարմամբ ջազ երաժշտություն է հնչում։
***

Քիչ առաջ ընթերցվեց համակարգող խմբի ընդունած որոշումը, որով դիմում են խենթ երիտասարդներից մինչև իմաստուն ավագ սերունդ։

«Մենք պարտավոր ենք քայլեր իրականացնել, խաղաղ, բայց իշխանությանը մարտահրավեր նետող քայլեր։ Հակառակ դեպքում կմնանք քչերով, և դա՛ է իշխանությունների ուզածը։ Նրանք մեզ արհամարհում են և կասկածի տակ դնում մեր վճռականությունը,–ասված է այդ հայտարարությունում,–այսօր մենք մարտի դուրս չենք եկել, մենք շարունակում ենք մեր խաղաղ, բայց անկոտրում պայքարը, ու սկսում ենք վճռական փուլը։

Դիմում ենք իշխանություններին՝ Բաղրամյան պողոտան մենք չենք բացելու, քանի դեռ մեր պահանջները կատարված չեն։ Եվ դրա համար սպասում ենք մինչև երկուշաբթի՝ ժամը 21:00–ն, և եթե մեր պահանջներից գոնե մեկը չկատարվի, ուրեմն սկսում ենք «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան։ Եվ երկուշաբթի օրվանից քաղաքացիական շախմատի մեր այս կարևոր բարիկադներն ամեն նոր օրվա 21:00–ին մեկ քայլ առաջ ենք տանում։ Հայաստան ոտքի՛, դեպի Բաղրամյան»։

***

–Չեն շարժվելու աղբամանները, ես վստահ եմ,–քիչ առաջ հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում դա կդիտարկվի որպես ոստիկանների հետ արհեստական բախման գնալ.

–Եթե մեկ քայլն իրենց որևէ բան է տալու, խնդիր չկա, տաս քայլն էլ մենք՝ ոստիկաններս, ավելացնենք, բայց ի՞նչ է տալու այդ մեկ քայլը։ Ոչի՛նչ։ Կարելի է միանշանակ տրամաբանել, որ արհեստականորեն ստեղծվում է այնպիսի վիճակ, որ ոստիկանության հետ բախում լինի, հանրությանը ցույց տան, որ բախում կա՝ եկեք, հավաքվեք Բաղրամյան պողոտա։ Մենք թույլ չենք տա, որ առաջ տանեն աղբամանները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը