Լրահոս

10.11.2009 18:15


Ուղերձ երիտասարդներին

Այս օրը՝ 1945 թվականի նոյեմբերի 10-ին, Լոնդոնում տեղի ունեցած համաշխարհային համաժողովի ժամանակ հիմնադրվեց Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան, իսկ նոյեմբերի 10-ը սկսեց նշվել որպես Երիտասարդության համաշխարհային օր:  Այս կոնֆերանսը հրավիրվել էր Երիտասարդության համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ, որը ստեղծվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և խնդիր ուներ պայքարելու ֆաշիզմի դեմ:

Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան ձախակողմյան կազմակերպություն է և ճանաչված է Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես միջազգային երիտասարդական ոչ կառավարական կազմակերպություն: Սառը պատերազմի տարիներին այս կազմակերպությունն Արևմուտքում դիտարկվել է որպես խորհրդայնամետ կառույց: Երիտասարդների և ուսանողների համաշխարհային փառատոնն առավել ճանաչված միջոցառումն է, որը ֆեդերացիայի կողմից պարբերաբար կազմակերպվել է տարբեր երկրներում:

Թեև այսօր մենք ապրում ենք այլ աշխարհաքաղաքական իրողության մեջ, և այս առումով էլ 1999թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից օգոստոսի 12-ը հայտարարվել է Երիտասարդության միջազգային օր, սակայն բազմաթիվ խնդիրներ, որոնք այս շարժման ժամանակ կարևորվել են, այսօր էլ մնում են միջազգային երիտասարդական քաղաքականության օրակարգում՝ պայքար խաղաղության համար, պայքար ֆաշիզմի և ռասիզմի դեմ, սոցիալական խնդիրների լուծում և այլն:

Օգտվելով առիթից՝  օրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր հանրապետության բոլոր երիտասարդներին և հավաստիացնել, որ պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում մենք կարևորելու ենք երիտասարդների քաղաքական, տնտեսական և մշակութային բազմազանությունն ու մասնակցությունը:

Արսեն Քարամյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Այս խորագրի վերջին նյութերը