Մեկնաբանություն

10.11.2009 18:12


Տեղական սուլթանատ

Տեղական սուլթանատ

Հայաստանի իշխանությունները շատ են սիրում մեր պետության հիմնական ձեռքբերումներից նշել տեղական ինքնակառավարման համակարգի կայացումը: Այս առիթով միմյանց մեդալներ ու կոչումներ են տալիս, կամ ստանում դրանք զանազան եվրոպական չինովնիկների կողմից ու լսում գովեստի խոսքեր:

Ինչ խոսք հպարտանալու տեղ ունենք: Ուրիշ էլ ո՞ր երկրում  կարող եք տեսնել Գյումրվա Վարդանիկի պես քաղաքապետ, ում որդին ասպատակում է Հայաստանի երկրորդ քաղաքն՝ ուզածի պես։  Կամ օրինակ Հայաստանը,  հավանաբար,  միակ պետությունն  է, որտեղ հայրը մարզպետն է (Կոտայքի մարզպետ' Կովալենկո Շահգալդյան), իսկ որդին' նույն մարզի խոշոր քաղաքներից մեկի քաղաքապետը (Չարենցավանաի քաղաքապետ' Հակոբ Շահգալդյան): Նշված զույգի համար կսազեր «Հայր և որդի Շահգալդյաններ քամփնի» ձևակերպումը։

Վերջերս Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի որդին, 23-ամյա  Ժան Սարկոզին մտադրությույն ուներ  տնօրեն ընտրվելու EPAD պետական գործակալությունում, որը կառավարում է Եվրոպայում խոշորագույններից մեկը համարվող   La Defense գործարար կենտրոնը: Երկրի բնակչության 60 տոկոսը դեմ արտահայտվեց այդ քայլին, և քաղաքական էլիտայի ճնշման տակ Սարկոզին ստիպված հետ կանգնեց այդ քայլից:

Կարելի է ենթադրել, որ Կոտայքի մարզում, ինչպես նաև Հայաստանի կառավարման տարբեր մակարդակներում, ծիծաղել են Սարկոզիի վրա' նրան համարելով  «հարիֆ ու  տուֆտա» եվրոպացի, ում միակ մեղքն այն էր, որ հաշվի առավ ժողովրդի դժգոհությունը և իր որդուն չդարձրեց ֆրանսիական նշանակության «Կովալենկո»:

            Իսկ այն, որ, ասենք, Չարենցավանի ավագանու մի շարք անդամներ նամակ են գրում վարչապետ Տ. Սարգսյանին,  պահանջելով իրենց տրամադրել մարզպետ Կ. Շահգալդյանի կողմից ներկայացված բազմահարկ շենքերի հարթ տանիքների վերանորոգման կատարողական ակտը, արդեն այլ բնույթի խոսակցություն է:  Բանն  այն է, որ կան հիմնավոր կասկածներ, որ տանիքները վերանորոգվել են էժանագին ու անորակ նյութերով ու փոշիացել են պետության կողմից հատկացված միլիոնավոր դրամները: Ասում են, որ ձեռքի հետ էլ որոշ շենքերից 300 հազարական  դրամ է հավաքվել։ Այդ «օպերացիան» Չարենցավանում ժողովրդի կողմից անմիջապես  ստացավ   «տանիքի ռեկետ»  անվանումը:

Ըստ հայ իշխանավորների կովալական մտածելակերպի՝ եվրոպացիք ոչ միան «տուֆտա» են, այլ նաև «դուխից» են թույլ: Ասենք, եթե նույնիսկ Ժան Սարկոզին դառնար  La Defense -ի կառավարիչ, ապա միևնույն է նրա «դուխը» չէր հերիքի Ալափարսի օրինակով  ջրագծերը  սարքել ամենաէժան ու անորակ խողովակներից, բայց կատարողական ակտերում, ըստ լավատեղյակների, գրել լրիվ հակառակը: Տեղեկացնենք, որ այս գյուղում մետաղական խողովակների փոխարեն տեղադրել են պլաստմասե խողովակներ և ձմռանը գործնականում հնարավոր չէ օգտվել դրանից:   «Հասկանալի»  պատճառներով խախտվել էր նաև ջրագծի կառուցման խորությունը:

Պատկերացնու՞մ եք, «հարիֆ» սարկոզիները չֆայմեցին, որ կարելի էր նման  կերպով Փարիզից   La Defense ջրագիծ կառուցել, իսկ հետո հետապնդումներ իրականացնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կհրաժարվեն կատարողական ակտը ստորագրել ու ասել, որ «մեկ է նախագահը մեր մեջքին կանգնած է»: Այս վերջին խոսքերը  հայաստանյան տեղական ինքնակառավարման համակարգի ղեկավարների բառապաշարի կարևոր ատրիբուտներից է, և որքան հաճախ ու մարդաշատ վայրերում դա ասվի, այնքան կառավարչի կշիռը բարձրանում  է:

Նույն Վարդանիկի քաջագործություններից հետո էլ հաճախ է շրջանառության մեջ դրվում «մեկ է նախագահը մեջքիս կանգնած է» կամ «ընտրություններին էնքա՜ն ձեն ենք բերել, որ մեզ բան չեն կարա ասեն» արտահայտությունները։ Ու թքած  հասարակական կարծիքի վրա, վարչապետին ու նախագահին ուղարկված բողոքների  ու նամակների վրա, մամուլում տպագրվող նյութերի վրա:

Ի դեպ, մեր նշած բոլոր երևույթներին հայաստանյան մամուլը բազմիցս անդրադարձել է և, հետևաբար, դրանց հաստատ տեղյակ են թե՛ «կիրթ ռեֆորմիստները»,   թե՛ «ցեղակրոնները»: Այսինքն՝  «չենք տեսել, չենք լսել, չգիտենք» և նման այլ ձևակերպումներն այս դեպքում չեն աշխատում:

            Հետաքրքրական մի փաստ ևս. Չարենցավանում տարբեր տեղերում  կարելի  է տեսնել քաղաքի անվան ֆոլկլորային փոփոխությունը' «Էշավան»:  Նման  ճարահատյալ ձևով  բնակիչները փորձում են բնութագրել իրենց վիճակը և ուշադրություն գրավել: Անշո՛ւշտ, այդ գրությունները արագությամբ մաքրվում են, բայց ժամանակ առ ժամանակ կրկին հայտնվում:    

Մենք հետագայում  կանդրադառնանք  նաև այլ մարզերում տիրող   կառավարման և բարոյահոգեբանական մթնոլորտին: Նպատակը մեկն է' ցույց տալ այն ակնհայտ դժգոհությունները, որոնք կան երկրում, մեր շարքային քաղաքացիների մոտ, ովքեր  5 տարին մեկ դառնում են նաև ընտրող: Տեղերում ստեղծված վիճակը երկրում առաջացող և առկա դժգոհությունների ու լարվածության պատճառներից է։ Համատարած է դարձել լկտի կառավարումը, թողտվությունը, հասարակական կարծիքի անտեսումը և այլն:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը