Լրահոս

03.07.2015 15:26


Երիտասարդ եղբայրները ծրագրել են ավազակային հարձակում իրականացնել Լոռու մարզի գյուղապետերից մեկի նկատմամբ

Երիտասարդ եղբայրները ծրագրել են ավազակային հարձակում իրականացնել Լոռու մարզի գյուղապետերից մեկի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Լոռու մարզի երկու բնակիչ՝ Խաչատրյան եղբայրները, նախապատրաստվել են ավազակային հարձակում իրականացնել նույն մարզի գյուղապետերից մեկի նկատմամբ՝ գումար հափշտակելու նպատակով, սակայն հետագայում կամովին հրաժարվել են դրա իրականացումից։

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչներ՝ 27 և 29-ամյա Խաչատրյան եղբայրները, 2014 թվականի նոյեմբեր ամսից, նախնական համաձայնությամբ, ապօրինի պահել են զենք և ռազմամթերք` ծրագրելով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարել հարևան գյուղի գյուղապետի նկատմամբ: Զենքը հայտնաբերվել է՝ տաքսի ավտոմեքենայով ապօրինի փոխադրելու ժամանակ։

Նախնական քննությամբ պարզվել է, որ եղբայրները նախապես ձեռք բերված զենք-ռազմամթերքով 2015 թվականի մարտին գնացել են Լոռու մարզում գտնվող հարևան գյուղը՝ գումար հափշտակելու նպատակով գյուղապետի նկատմամբ ավազակային հարձակում իրականացնելու։ Հասնելով գյուղ՝ եղբայրները գյուղապետի առանձնատուն մուտք չեն գործել, կամովին հրաժարվել են՝ գիտակցելով հնարավոր հետևանքները և որ չեն կարող առանձնապես ծանր հանցագործություն կատարել: Զենքը և ռազմամթերքը հայտնաբերվել են՝ 2015 թվականի մարտի 11-ի լույս 12-ի գիշերը տաքսիով հետ վերադառնալիս։

Բացի այդ, եղբայրներից մեկի մոտ, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող հոդակապաիրանային դանակ և առգրավվել։ Հայտնաբերվել է նաև կպչուն ժապավեն, 2 զույգ ձեռնոց, սև կտորից 2 գլխարկ` բացված երկուական անցքերով:

Նկատի ունենալով, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարելուց Խաչատրյան եղբայրները հրաժարվել են կամովին, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Խաչատրյան եղբայրներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, իսկ մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը