Կարծիք

30.06.2015 14:08


Ինչո՞ւ են մարդիկ այդքան վախենում քաղաքականացման «բոբոյից»

Ինչո՞ւ են մարդիկ այդքան վախենում քաղաքականացման «բոբոյից»

Մի քանի խոսք չարաբաստիկ քաղաքականացնել-չքաղաքականացնելու մասին: Ինչո՞ւ են մարդիկ այդքան վախենում քաղաքականացման «բոբոյից», կամ որոշ դեպքերում ձեւ են տալիս, որ վախենում են: Իմ պատկերացմամբ՝ Հայաստանում քաղաքականացման հետ խնդիր կարող են ունենալ միայն Սերժ Սարգսյանն ու իշխող խումբը, մասամբ էլ՝ ընդհանրապես քաղաքական ուժերը, որովհետեւ, եթե որեւէ այլ խումբ սրանցից դուրս քաղաքականանում է, ապա դառնում է իրենց մրցակից: Բայց, «չգիտես՝ ինչի», վախենում են նրանք, ովքեր չպետք է վախնենան: Մենք բոլորս սիրում ենք մեր չքնաղ ու աշխարհի ամենալավ սովետական «հայրենիքը». այնտեղ կային Պարծիան, նրա մեջ՝ Պոլիտբյուրոն, եւ նրա մեջ էլ՝ Գենսեկը: Ահա այդ երեքին եւ մանավանդ Պոլիտբյուրոյին, ու նա՛մանավանդ Գենսեկին էր միայն վերապահված սովետական երկրում լինել քաղաքական, այսինքն՝ որոշումներ կայացնել: Մնացած բոլորի քաղաքականացումը սովետական մեր չքնաղ ու անծայրածիր «հայրենիքում» ոչ միայն հավասարազոր էր, այլեւ գերազանցում էր քրեական հանցանքը:

Քաղաքականացնելը սովետական երկրում հավասարազոր էր մարտահրավեր նետելու Պարտիային, նրա անմահ Պոլիտբյուրոյին ու նրա անսխալական Գենսեկին (մահվանից հետո պարզվում էր, որ դրանք բոլորը ոտից գլուխ սխալ էին):

Ահա թե ինչու, չնայած սերունդներ են ծնվել ու մեծացել առանց անմահ Գենսեկների կենդանի փառքը վայելելու, սակայն սովետական երկրում քաղաքականացնելը մինչեւ հիմա քրեականից բեթար հանցանք է համարվում: Միայն մեկը պետք է իշխի...

***

Մի կետ էլ քաղաքականացման մասին: Ի՞նչ է քաղաքանությունը՝ որոշում ընդունելու իրավունքը (իհարկե, կան նաեւ այլ ասպեկտներ, բայց էս պահին սա՛ է կարեւոր): Քաղաքականության, այսինքն՝ որոշում ընդունելու իրավունք ունի միայն ազատ մարդը: Այդպես է եղել բոլոր հասարակություններում: Տարբերությունը միայն այն է, թե տվյալ հասարակարգում ո՛ր շերտերն են համարվել ազատ: Եթե միայն մեկն է լիարժեք ազատ, ուրեմն դա միապետություն է, եթե փոքրամասնությունը՝ ազնվապետություն է կամ օլիգախիա, եթե բոլորն են համարվում ազատ, ապա՝ դեմոկրատիա: Քաղաքականացնել, ըստ այդմ, նշանակում է ազատության եւ ինքնիշխանության՝ ինքնուրույն որոշումներ ընդունելու հայտ ներկայացնել:

Ի դեպ, եթե վանկարկում ես՝ մենք ենք տերը մեր երկրի, արդեն քաղաքականացնում ես, որովհետեւ տերը որոշում ընդունողն է եւ ինքնիշխանության կրողն է:

Իհարկե, սա տեսական մասն է. գործնականում այս կամ այն շարժումը պարտավոր չէ բարձրաձայն հայտարարել, որ ինքը քաղաքական է. դա արդեն մարտավարական խնդիր է: Բայց գիտակցել իր քաղաքական բնույթն ինքն իր համար պարտավոր է՝ ճիշտ գնահատելու համար իրավիճակը եւ ուժերի դասավորությունը:

Հրանտ Տեր–Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը