Կարծիք

29.06.2015 16:39


Սուրեն Սահակյան. «Վաղինակը պայմանավորված տեքստն ասելուց հետո հավելում է էն, ինչ նրան, իմ տպավորությամբ, հուշել կամ պարտադրել էին»

Սուրեն Սահակյան. «Վաղինակը պայմանավորված տեքստն ասելուց հետո հավելում է էն, ինչ նրան, իմ տպավորությամբ, հուշել կամ պարտադրել էին»

Թե ինչպես կարելի է ընդհուպ մինչև հեղափոխության հասնել մի 20-30 աղբամաններով ու, կարևորը՝ անզեն։

Դրսում ապրող ընկերներս խնդրում են ներկայացնել, թե երեկ ինչ է տեղի ունեցել Բաղրամյանում։ Դիմում-խնդրանքներն էնքան շատ են, որ որոշեցի սենց կիսվել աչքիս տեսածով։ Ուրեմն, արձանագրում եմ աչքիս տեսածն ու դրանից տպավորություններս․

-Նախաձեռնող խումբը երկար փորձում էր վերագտնել խախտված կոնսենսուսը՝ հընթացս փորձելով պատասխանատվության ծանր բեռը գցել ուսերից։

-Խմբից դուրս՝ ավելի մեծ շրջանակում, տիրապետող էր ուղիղ ժողովրդավարության մեթոդներով գնալ-մնալու հարցը որոշելը։

-Վաղինակը հիմնական, պայմանավորված տեքստն ասելուց հետո հավելում է էն, ինչ նրան, իմ տպավորությամբ, հուշել կամ պարտադրել էին։ Նախաձեռնության անդամներից ոմանք շոկի մեջ են, նրանք Վաղինակի նման տեքստի վերջաբան չեն նախատեսել։ Ստացվում է աբսուրդային իրավիճակ․ նախաձեռնությունը հայտարարում է, որ կմիանա հանրության ցանակացած որոշման, բայց, չնայած «Բաղ-րամ-յան» տիրապետող կոչերին, հայտնում, որ գնում են Օպերա։

-ՍԴ շենքի մոտ հավաքվում են մեծաքանակ ոստիկանական ուժեր, որոնք ելույթի ընթացքում գոռում-գոչյուններով, վահաններին հարվածելով, հավանաբար, ցույց են տալիս, թե ինչ կլինի չգնալու դեպքում։

-Ազատության հրապարակում ու Բաղրամյանում հայտարարված նստացույցի ինքնակազմակերպված մասնակիցները խոսափողով հայտնում են խմբի կարծիքից տարբերվող տեսակետ, որն էլ հավանության է արժանանում ժողովրդի կողմից։

-Բացարձակապես բոլոր ուժերը ներկայացնող անձանց կողմից էլ անձամբ ինձ կոչեր են հնչել իջնել Օպերա։ Ընդ որում, մարդուն հանգիստ, հավասարակշռված ես միշտ տեսել, իսկ էդ պահին գոռգռում ա վրեդ՝ պատառոտելու պատրաստ։ Ես արդեն չգիտեմ, թե դա համապատասխան ուժերի պաշտոնական տեսակետն էր, թե չէ։ Հետագայում բոլոր էդ գոռացող ու հետ վազողները երդվում էին, որ իրենք մնալու կողմնակից են եղել, ու աչքերիս մեջ նայելով՝ ասում էին, որ ինձ չեն համոզել, ու, առավել ևս, դա գոռգռալով չեն արել։

-Ներքևում նույնպես խուճապ էր։ Իջնողները, երևի իշխանական մեդիայի տարածած ապատեղեկատվության ազդեցության տակ, վախեցնում էին ներքևում գտնվողներին, թե, իբր, վերևում բենզինի շշեր են, նռնակներ, Ժիրո, սադրիչներ, գոռում են՝ «Լևո՛ն, նախագա՛հ»։ Ես երդվում եմ, որ մեդիայով տարածվող էդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ոչ մի նման բան չի եղել։

-Չնայած տարածվող այլանդակ ապատեղեկատվության ծավալին՝ ժողովուրդը եկավ ու մինչև Սայաթ-Նովա լցվեց։ Սրա համար գլուխս խոնարհում եմ նրանցից ամեն մեկի առաջ։ Օդում լարվածություն կար, բայց, ընդհանուր առմամբ, մարդկանց դեմքերին դաջված էր ոչ թե վախ, հիասթափություն, այլ հաղթելու հաստատակամությունն ու ինքնազոհության պատրաստակամությունը։ Ու էս ամենը՝ լայն ժպիտով ու միմյանց հանդեպ մեծ սիրով։ Բաղրամյանի ժողովուրդը էդ պահին մի մեծ ընտանիք էր՝ միասնական, նույն իղձերին հասնելու ոգևորությամբ տոգորված։

-Ոստիկանությունն անմիջապես հայտարարեց հարձակման մասին՝ ցանկանալով օգտվել խուճապային իրավիճակից, պառակտման իմիտացիայից։ Մարդկանց տրվեց կես ժամ՝ ցրվելու համար։ Հետո, ցուցադրաբար, մեծ խումբ ոստիկաններ մտան շարքերը՝ իբր անչափահասներին հանելու, բայց իրականում «լրջության» մասին ցուցադրական ելույթներ ունենալու։ Բաղրամյանի բոլոր մուտքերը ոստիկանության կողմից փակվեցին, բայց ժողովուրդն էնքան եկավ, որ էդ շրջափակող ուժերն իրենք հայտնվեցին շրջափակման մեջ։ Վեջնագրի համար տրված կես ժամը հասավ մի ժամի, իսկ դրանից հետո, երբ ժողովուրդը չցրվեց, նրանք ուղղակի հեռացան։ Ի դեպ, ոստիկանությունն իր հայտարարության մեջ նշեց, որ առաջին հերթին աղբամանների վրա կանգնած մարդիկ են ենթարկվելու պատասխանատվության։ Դրանից հետո աղբամանների վրա կանգնելու տեղ չմնաց։

-Օպերա գնացածներին դիմավորեցին քաղաքապետարանի համերգների համար նախատեսված տեխնիկան ու լուսավորությունը, բայց, տեսնելով Բաղրամյանի ժողովրդի հաստատակամությունը, կամ զգալով իրենց տված գնահատականնների սխալականությունը՝ աստիճանաբար քաշվեցին Բաղրամյան։ Արդեն ժամը երկուսի կողմերն Օպերայում մարդ չկար։ Վարչախմբի ու միշիկնյուզի սադրանքը չանցավ, ու բոլորը, վախենալով դավաճանի պիտակից, գնացին տուն կամ Բաղրամյան։ Հեղինակությունը փրկելու համար այդպես վարվեցին նաև նրանք, ովքեր ներդրված էին, որպեսզի անհրաժեշտ պահին պառակտման իմիտացիա անեին, այդ թվում՝ զանազան տրամաչափի «աստղիկներ»։

-Հաջորդեց խաղաղ, ապահով գիշերը, որովհետև ոստիկանությունն ու շախմատի ֆեդերացիայի նախագահը լեգիտիմ չեն, ու ուժ կիրառելու ներուժ, ռեսուրս չունեն, առավել ևս, երբ հետագա զարգացումներն անկանխատեսելի են։

Սենց… Երեկվա երեկոն էնքան հագեցած էր իրադարձություններով, հույզերով, որ կարող է՝ մի քանի բան էլ բաց թողած լինեմ։ Էս ամեն ինչը կարելի է մի բառով բնութագրել՝ Հ Ա Ղ Թ Ա Ն Ա Կ։ Ինչի կապակցությամբ էլ շնորհավորում եմ բոլոր ազնիվներին ու ՀՀ քաղաքացիներիս:

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը