Աշխարհ

27.06.2015 10:00


Միլլեր. «Գազպրոմի» և «Նավթոգազի» միջև վեճը կլուծվի 2017–ից ոչ շուտ

Միլլեր. «Գազպրոմի» և «Նավթոգազի» միջև վեճը կլուծվի 2017–ից ոչ շուտ

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը 2017–ից ոչ շուտ է ակնկալում Սթոքհոլմի արբիտրաժային դատարանում «Գազպրոմի» և ուկրաինական «Նավթոգազի» միջև վեճի լուծումը։ Համապատասխան հայցով արբիտրաժային հանձնախումբը ձևավորվել է 2014թ. դեկտեմբերի 11–ին։ Այդ գործով լսումները նշանակված են 2016–ի սեպտեմբերի վերջին։

«Նավթոգազ Ուկրաինայից» 4,5 մլրդ դոլար գանձելու հայցով «Գազպրոմը» դատարան էր դիմել 2014–ի հունիսին։ Իր հերթին «Նավթոգազը» Սթոքհոլմի արբիտրաժային դատարան հայց էր ներկայացրել ռուսական «Գազպրոմի» դեմ՝ գազային պայմանագիրը վերանայելու վերաբերյալ։ Բացի դրանից, հայցում պահանջվում էր նաև «Գազպրոմ» ԲԲԸ-ին տուգանել գազի գերավճարի համար, որը կազմում է մոտ 6 մլրդ դոլար։

ՌԴ, Ուկրաինայի և ԵՄ էներգետիկները դեռևս չեն համաձայնեցրել եռակողմ հանդիպման ամսաթիվը։ Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի և ածխային արդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը և Եվրահանձնաժողովը հայտարարել էին, որ հերթական եռակողմ հանդիպումը ծրագրված է հունիսի 30–ին Վիեննայում։ Այդ ամսաթիվը հաստատել էր նաև ԵՄ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ սպասվելիք բանակցություների վճռորոշ հարցը Ուկրաինային տրվող ռուսական գազի զեղչն է լինելու։ Սակայն Մոսկվան ուկրաինական կողմից դեռևս սպասում է պաշտոնական դիմում 3–րդ եռամսյակի զեղչի համար։

«Պետք է նրանցի՛ց հարցնել՝ ինչու մինչև հիմա չեն ուղարկել հայտը»,–ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալ. Նովակը։

«Կսպասենք,–ասել է ՌԴ նախագահը,– դա Ուկրաինային է պետք, ոչ թե մեզ»։

Ուկրաինային տրվող ռուսական գազի գինը 3–րդ եռամսյակի համար առանց զեղչի կազմում է 287,15 դոլար՝ հազ խմ–ի դիմաց, իսկ 4–րդ եռամսյակի համար՝ 262,5 դոլար։ 2–րդ եռամսյակում այն զեղչով կազմում էր 247,18 դոլար՝ հազ խմ–ի դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը