Քաղաքական

25.06.2015 11:54


Վահե Հովհաննիսյանի առաջարկը բոլոր քաղաքական ուժերին

Վահե Հովհաննիսյանի առաջարկը բոլոր քաղաքական ուժերին

ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանն առաջարկում է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին հանդես գալ միասնական հայտարարությամբ հայաստանյան դեպքերի շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ: Առաջարկում, մասնավորապես, ասվում է.

«Ռուսաստանյան քաղաքական շրջանակների, Դումայի պատգամավորների և ռուսական որոշ լրատվամիջոցների ակնհայտ ապատեղեկատվությունը, ուղղորդվող լրատվական հոսքերը և կեղծ օրակարգով հայաստանյան գործընթացների ընկալման միտումը խոր տարակուսանք են առաջացրել Հայաստանում և Ռուսաստանում բնակվող հայերի շրջանում: Հայաստանում այս պահին բոլորին հասկանալի է, որ մենք ներկա ենք իրապես խաղաղ, բարձր քաղաքացիական գիտակցությամբ պայքարի` կազմակերպված բացառապես ազնիվ, արդարության պահանջով շարժվող երիտասարդների կողմից: Մեր աչքի առաջ ձևավորվում է լուրջ քաղաքացիական հասարակություն, որի մասին միշտ երազել ենք, և որին հաղթել գործնականում հնարավոր չէ:

Ուրեմն, ի՞նչ է կատարվում ռուսական մեդիայում և քաղաքական որոշ շրջանակներում: Խնդիրը շատ պարզ է՝ Հայաստանից տարբեր խողովակներով մշտապես Մոսկվա է արտահանվում ապատեղեկատվություն, տեղեկատվություն այնպիսի շեշտադրումներով, որոնք այդ պահին ձեռնտու են իշխանություններին` ռուսական աջակցություն ստանալու նպատակով: Սա հին և փորձված ոճ է, որի ժամանակ ՀՀ քաղաքացիների ցանկացած արդար ու անկեղծ ընդվզում ներկայացվում է որպես ամերիկյան դավադրություն` հակառուսական պահանջներով: Մենք դրան ականատես ենք եղել ցանկացած կեղծված ընտրություններից հետո, մենք այդ պրոցեսին ականատես ենք եղել նաև համաժողովրդական շարժման հոկտեմբերյան խոշոր հանրահավաքների ժամանակ:

Սա անհանգստացնող միտում է և հենց առաջին հերթին կարող է վնասել հայ-ռուսական հարաբերություններին: Հարաբերություններ, որոնք իրականում շատ կարևոր են Հայաստանի համար, և, մեծ հաշվով, կապ չունեն այսօրվա իրադարձությունների հետ: Այս խնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական քայլերի միջոցով: Եվ Հայաստանի քաղաքական ուժերը` խորհրդարանական և արտախորհրդարանական, պետք է գործուն մասնակացություն ունենան` թույլ չտալու կեղծ օրակարգերի տարածումը: Ըստ այդմ` առաջարկում եմ, որ խնդրով մտահոգ քաղաքական ուժերն ընդունեն իրավիճակի վերաբերյալ նկարագրություն-մեկնաբանության շեշտադրումներով հայտարարություն` ուղղված ՌԴ Պետդումային և այնտեղ ներկայացված կուսակցություններին:

Նորից եմ կրկնում` անկախ քաղաքական հայացքներից` հայաստանյան քաղաքական ուժերը կարող են օբյեկտիվ փաստաթուղթ ընդունել: Սա առաջին հերթին մեր երկրի արժանապատվության հարցն է, մեր քաղաքացիական հասարակության պատիվը, որը փորձ է արվում նսեմացնել անհասկանալի հղումներով և կեղծ մեկնաբանություններով: Տեղին է հիշել, որ հայաստանյան մի շարք կուսակցություններ ունեն համագործակցության հուշագրեր և լավ հարաբերություններ ռուսաստանյան կուսակցությունների հետ: Եվ հիմա ճիշտ պահն է՝ օգտագործելու այդ խողովակները»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը