Քաղաքական

25.06.2015 08:30


Ինչպես են Բաղրամյան պողոտայում լուսացրել ցուցարարներն այս առավոտ (ուղիղ միացում)

Ինչպես են Բաղրամյան պողոտայում լուսացրել ցուցարարներն այս առավոտ (ուղիղ միացում)

Այս գիշեր ևս Բաղրամյան պողոտայում խաղաղ է անցել։ Վաղ առավոտյան «Սանիտեք» ընկերության աշխատակիցները հավաքել են «բարիկադներ» դարձած աղբամանների աղբը։ Աղբամանները, սակայն, չեն տարել։

Առավոտ շուտ Բաղրամյան պողոտա են այցելել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։

Վ. Գասպարյանը մոտեցել է աղբահանությամբ զբաղվող ընկերության աշխատակիցներին և կարծելով, թե նրանք ցուցարարներ են, հորդորել է չլարել իրավիճակը և լինել խաղաղության մեջ։

–Մեզ հետ խոսակցություններով մի՛ լարեք, մի՛ սադրեք, եղե՛ք խաղաղության մեջ, և ամեն ինչ լավ կլինի։ Եթե ինքներդ ձեզ տեր չկանգնեք, ձեր միջից չմաքրեք ամեն սխալը, հաստատ իմացե՛ք, որ ոստիկանության մեջ դա չկա։ Ընդդիմանալուց առաջ մի պահ կանգնե՛ք, նոր գնացեք առաջ, էդ ժամանակ ամեն ինչ խելոք կլինի,–ասել է Վ. Գասպարյանը։

Ինչ վերաբերում է իր տեղակալ Լևոն Երանոսյանի վարքին, երբ ցուցարարներին ցրելու ժամանակ նա հայհոյել և հարվածել էր լրագրողներին, Վ. Գասպարյանն ասել է՝ նշանակվել է ծառայողական քննություն։

–Իսկ ո՞վ ասաց, որ չեն կարող լինել թերություններ և սխալներ,–հավելել է ոստիկանապետը։

Նշենք, որ մարդկանց հոսքը դեպի Բաղրամյան պողոտա անընդհատ ավելանում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը